Մատչելի հղումներ

Գերմանիան սկսել է համատարած ստուգումներ իրականացնել իր սահմաններում


Գերմանիան սկսել է համատարած ստուգումներ իրականացնել իր բոլոր ցամաքային սահմաններին
Գերմանիան սկսել է համատարած ստուգումներ իրականացնել իր բոլոր ցամաքային սահմաններին

Երկուշաբթիից Գերմանիան սկսել է համատարած ստուգումներ իրականացնել իր բոլոր ցամաքային սահմաններին: Երկրի կառավարությունը փորձում է անօրինական միգրացիայի դեմն առնել: Գերմանիայի հարևան երկրները քննադատել են Բեռլինի այդ նախաձեռնությունը, որը, նրանց կարծիքով, խարխլում է տեղաշարժի ազատությունը ԵՄ-ում։

Գերմանական ոստիկանությունը և սահմանապահները երկուշաբթի սկսեցին ստուգումներ իրականացնել երկրի բոլոր ցամաքային սահմաններով ժամանող անձանց նկատմամբ: Իշխանությունների խոսքով՝ նախաձեռնության թիրախում ենթադրյալ անօրինական միգրանտներն են:

«Ցանկանում ենք նվազագույնի հասցնել երթևեկողների և ապրանքատար մեքենաների համար ստեղծված անհարմարությունները»,- ասում է Գերմանիայի դաշնային ոստիկանության խոսնակ Դիտեր Հաթը:

Գերմանիան, ինչպես հայտնի է, Եվրամիությունում գործող Շենգենյան գոտու մաս է։ Այդ գոտու անդամ-երկրները կարող են սահմանային ստուգումներ իրականացնել, եթե տվյալ պետության համար լուրջ վտանգ կա։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ներկայացմամբ՝ նման քայլն անհրաժեշտ է:

«[Միգրանտների] թիվը, ովքեր ապօրինի կերպով Գերմանիա են գալիս, չափազանց մեծ է»,- ասել է Շոլցը:

Գերմանիան ավելի քան մեկ միլիոն միգրանտ է ընդունել 2015 թվականին՝ «արաբական գարնան» հետևանքով: 2022 թվականից ի վեր՝ նաև ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի փախստականների է հյուրընկալել:

Նման ներհոսքը լուրջ դժգոհություն է առաջ բերել գերմանացի ընտրողների մի մասի շրջանում՝ նպաստելով ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վերելքին, որն, օրինակ, ցնցող հաղթանակ տարավ վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Ինչևէ, Գերմանիայի բազմաթիվ հարևան-պետություններ չեն թաքցնում իրենց դժգոհությունը սահմանային ստուգումների կապակցությամբ:

«Կասկած չունեմ, որ Գերմանիայում ներքաղաքական իրավիճակն է պատճառը, որ նման քայլեր են իրագործվել, և ոչ թե մեր քաղաքականությունը՝ անօրինական ներգաղթի հարցում»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

Վերլուծաբան Ռաֆայել Բոսոնգի խոսքով՝ սահմանային նման ստուգումները երկարաժամկետ հեռանկարում կարող են խաթարել ԵՄ միասնությունը։

«Այն կարող է խորացնել փոխադարձ մեղադրանքների միտումը, նպաստել ծայրահեղ աջերի և եվրասկեպտիկների վերելքին։ Մենք չգիտենք, թե որտեղ կհայտնվենք այդ պարագայում»,- նշում է Միջազգային և անվտանգության հարցերով գերմանական ինստիտուտի վերլուծաբան Ռաֆայել Բոսոնգը:

Նշենք նաև՝ զուգահեռաբար Գերմանիան ակտիվացրել է մերժված ապաստան հայցողների արտաքսումը երկրից։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այս միջոցները կազդեն ապօրինի ներգաղթի վրա:

Գերմանիայի կառավարության մի պաշտոնյա վերջերս նշել էր, թե Բեռլինը կարող է համաձայնության գալ Ռուանդայի հետ՝ ապաստան հայցողներին այնտեղ ուղարկելու համար: Մեծ Բրիտանիան հուլիսին հրաժարվեց նմանատիպ ծրագրից:

XS
SM
MD
LG