Մատչելի հղումներ

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կայունություն կհաստատի սևծովյան տարածաշրջանում». վերլուծաբան


Հայաստանի դրոշներ
Հայաստանի դրոշներ

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կայունություն կհաստատի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև սևծովյան տարածաշրջանում, և այն տարածաշրջանը կդարձնի ավելի պաշտպանված ռուսական ազդեցությունից»։

Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի նախաձեռնած «Թուրքիայի և Արևմուտքի համագործակցության հեռանկարները սևծովյան տարածաշրջանում» խորագրով առցանց քննարկմանը վերլուծաբան Մարինա Վորոտնյուկն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Ըստ վերլուծաբանի՝ երկու երկրների միջև կայուն հարաբերությունների հաստատումը կարող է իրավիճակ փոխել. «Առավել ևս այս ժամանակահատվածում, երբ Հայաստանը, կարծես, հիասթափված է Ռուսաստանի անվտանգային երաշխիքներից, իսկ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, հնարավորություն ունենք տարածաշրջանն ավելի պաշտպանված դարձնել»:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբաններն ընդգծում են՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի և արևմտյան երկրների միջև ընդլայնված համագործակցության հեռանկարներն են ուրվագծվում:

Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Բասաթ Օզթուրքի հիշեցրել է՝ ՆԱՏՕ-ի երկրորդ մեծաքանակ ռազմուժն ունեցող և Սև ծովի դարպասապահ համարվող Թուրքիան՝ Ուկրաինա ռուսական ագրեսիայի պայմաններում չխուսափեց Մոնտրյոյի կոնվենցիայի կիրառումից: Մոտ հարյուր տարի առաջ՝ 1936 թվականին ընդունված կոնվենցիայի 19-րդ կետի համաձայն՝ պատերազմական իրավիճակում Թուրքիան իրավունք ունի սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումն իր վերահսկողության ներքո գտնվող ջրային ճանապարհներով:

«Երբ Ռուսաստանը սկսեց իր, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում», որն իրականում Ուկրաինական տարածքների օկուպացիա էր, այդ գործողություննից ընդամենը երեք օր անց մենք փակեցինք ճանապարհները պատերազմող կողմերի նավերի համար»:

ՆԱՏՕ-ի անդամ ու դաշնակից Թուրքիան կատարում է իր պարտավորությունները՝ պնդում է Թուրքիայի ներկայացուցիչը՝ ակնարկելով, թե Անկարան նույն ակնկալիքն ունի դաշնակից երկրներից:

«Մենք, միևնույն ժամանակ, բաց ենք ցանկացած երկխոսության կամ քննարկման համար: Օրինակ, Եվրոպական Միությունը կարող է մեզ դիմել ծովային երթևկության հնարավորություն ստանալու համար, առանձին երկրներ՝ ԱՄՆ-ն, Կանադան, բոլորի համար մեր դռները բաց են»:

Ամերիկացի փորձագետ Ռիչ Աութզենի խոսքով՝ քաղաքական հարթությունում Թուրքիայի ու Արևմուտքի շահերը Սև ծովում հիմնականում համընկնում են և դրանք ներառում են կայունության հաստատումը և տարածաշրջանային անվտանգության ապահովումը։

«Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել: Անգամ Կոնգրեսում հատուկ նախագիծ էր մշակվում սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ մարտավարությունը ներկայացնելու համար»:

Ըստ ամերիկացի փորձագետի՝ պաշտպանության, ծովային անվտանգության ապահովման, էներգետիկ և քաղաքական երկխոսության զարգացման նպատակով Արևմուտքը կարող է օգտագործել Թուրքիայի ռազմավարական դիրքը՝ բարելավելու կայունությունն ու անվտանգությունը Սև ծովի տարածաշրջանում:

«Մենք բոլորս կցանկանայինք տեսնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակողական պատերազմի անհաջող ավարտը։ Ոչ բոլորը, բայց մեզնից շատերն են ցանկանում տեսնել պուտինյան իշխանության անկումը: Մեր ջանքերը պետք է ուղղենք դեպ այն կետեր, որտեղ ԱՄՆ-ն ու Թուրքիան անհամաձայնություններ ունեն կամ տարբեր մոտեցումներ: Մի կողմից, Թուրքիան, որին ԱՄՆ-ն դիտարկում է որպես իր գլխավոր դաշնակից տարածաշրջանում, գտնում է, որ ամենավատ բանը, որ կարող է լինել այս պատերազմում, Ուկրաինայի պարտությունն է։ Մյուս կողմից, Ռուսաստանի աղետալի պարտությունը ևս կարող է վատ հետևանքներ ունենալ: Թուրքիան, կարծես, եռակողմ մոտեցում ունի սևծովյան տարածաշրջանում: Թուրքիան աշխատում է ՆԱՏՕ-ի հետ, ավելի ճիշտ՝ ՆԱՏՕ-ի անդամ Սև ծովի ափամերձ պետությունների հետ: Եվ այդ ժամանակ իմ նման ամերիկացիների մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեք ցանկանում ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային տեսնել Սև ծովում: Միևնույն ժամանակ, Թուրքիան աջակցում է [ՆԱՏՕ-ի] անդամ չհանդիսացող երկներին՝ Ուկրաինա, Ադրբեջան։ Երրորդ կողմը՝ Ռուսաստանն է»,- փորձագետ Ռիչ Աութզեն:

XS
SM
MD
LG