«Ամերիկայի ձայն»․ «Օլեսյա, շնորհակալություն հարցազրույցի համար, այսօրվա թեման, իհարկե, խաղաղության շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններն են: Ինչպես գիտենք, Հայաստանն ասում է, թե պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մինչդեռ Ադրբեջանի պնդմամբ՝ առայժմ համաձայնագրի միայն ութսուն տոկոսն է համաձայնեցվել: Ինչու՞ են կարծիքներն այսքան տարբեր»:
Օլեսյա Վարդանյան․ «Այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներ են տարվում արդեն ավելի քան երեք տարի, թեև այն ավելի շատ հռչակագիր է հիշեցնում, քան համապարփակ խաղաղության համաձայնագիր: Նախորդ շաբաթներին նկատելի էր, որ փորձում են ինչ-որ տարբերակ մշակել, ըստ որի կարող են առաջ շարժվել: Նույնիսկ՝ երկրների ղեկավարներից ենք լսում, թե վերջիններս ինչ պատկերացում ունեն առաջընթացի մասին: Ադրբեջանի նախագահն առաջարկեց կարևորագույն հարցերի քննարկումները թողնել ապագային: Մինչդեռ, Հայաստանի վարչապետն ասում է՝ անհրաժեշտ է ստորագրել այն, ինչի շուրջ համաձայնության ենք եկել, ապա կարող ենք առաջ շարժվել մյուս հարցերի ուղղությամբ: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հասկանալի է, քանի որ երբ այդքան ժամանակ ես ծախսում թեմայի շուրջ և առկա են անվտանգության հարցեր, ցանկալի է տեսնել աշխատանքի արդյունքն ու հաստատել համաձայնեցվածը»:
«Ամերիկայի ձայն»․ «Երկու երկրների միջև ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվում խաղաղության համաձայնագրի ներքո»:
Օլեսյա Վարդանյան․ «Հետաքրքիր է, թե ինչպես են երկու կողմերը տարբեր թեմաներ առաջ քաշում: Կարող եք հիշել, որ 2022 թվականի պատերազմից հետո քննարկման առարկա երեք հիմնական հարց կար: Մեկը՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն էր։ Ցավոք, այդ հարցը դուրս եկավ այն բանից հետո, երբ Ադրբեջանը անցած տարվա սեպտեմբերին ռազմական գործողություն իրականացրեց: Երկրորդ թեման սահմանին վերաբերող հարցերն են, սահմանագծման, Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինծառայողների ներկայության, սահմանագծի անվտանգության հարցը, քանի որ երկու երկրների սահմանապահները միմյանց շատ մոտ են տեղակայված, ինչը կարող է հետագա ընդհարումների պատճառ դառնալ: Եվ երրորդ թեման առնչվում է ճանապարհներին, ինչպես օրինակ միջանցքին և սահմանների բացմանը, որոնք հակամարտության հետևանքով արդեն երեք տասնամյակ է ինչ փակ են:
Ելնելով հնչեցված հայտարարություններից, և իմ պարագայում՝ նաև պետական մարմինների և դիվանագետների հետ շփումից՝ այս պահին կարելի է ենթադրել, որ հիմնական հարցն այլևս այս երեք թեմաներին չի վերաբերում: Հարցն այժմ Հայաստանի սահմանադրույթունը փոփոխելու Ադրբեջանի պահանջն է: Բաքուն հավատացած է, որ եթե Լեռնային Ղարաբաղի [մասին հիշատակումը] դուրս բերվի Հայաստանի սահմանադրությունից, ապա անկախ այն բանից, թե ով է ղեկավարում երկիրը, Հայաստանը տարածքային նկրտումներ չի ունենա Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:
Իր հերթին՝ Հայաստանը շարունակում է բաց մնալ երկխոսության համար։ Մյուս կողմից, սկսում են մտածել, թե դա գործընթացը երկարաձգելու միջոց է և սկսում են կարծել, որ Ադրբեջանն այլ բան առաջ կքաշի, եթե համաձայնվեն սրան»:
«Ամերիկայի ձայն»․ «Ձեր կարծիքով Ադրբեջանն իրականում կարևո՞ր համարում է այս՝ [Հայաստանի սահմանադրությունում փոփոխություն կատարելու] հարցը, թե՞ սա պարզապես գործընթացը ձգձգելու միջոց է»:
Օլեսյա Վարդանյան․ «Հայաստանում օրենրնքերի թեման Ադրբեջանի համար կարծես կարևորություն է ձեռք բերել գարնանից ի վեր, քանի որ նախկինում այս թեմայի շուրջ չեն կենտրոնացել բանակցությունների ժամանակ՝ ո՛չ երկրի նախագահի, ո՛չ էլ արտգործնախարարի մակարդակով: Սա մի հարց է, որը Բաքվի համար կարևոր է դարձել վերջերս, ինչն էլ ստիպում է մտածել, որ Ադրբեջանն այս հարցը օգտոգործում է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար:
Տեսանելի է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնել պայմանների, որոնց նպատակն այնքան էլ հստակ չէ: Վարչապետը սկսել է Հայաստանի սահմանադրության վերանայման գործընթացը, և իր տարբերակը կներկայացնի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչին կհաջորդեն քաղաքացիների հետ քննարկումները:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի պահանջներին պատասխանելու այլ տարբերակներ էլ կան։ Օրինակ, կարելի է ինչ-որ հռչակագիր ներկայացնել, կամ, օրինակ, Հայաստանում սահմանադրական դատարանը քննարկելու է սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը: Գուցե, այն կարող է բավարարել Բաքվի պահանջներն ու փարատել անհանգստությունը: Կարող եմ ասել, որ սա բաց հարց է, և պարզ չէ, թե ինչ կարող է Հայաստանն անել կարճ ժամանակում՝ սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի պահանջները բավարարելու համար»:
«Ամերիկայի ձայն»․ «Ինչո՞ւ է Անդրբեջանին անհրաժեշտ ձգձգել խաղաղության գործընթացը: Արդյո՞ք խաղաղության և սահմանների բաց լինելու դեպում երկու երկրների տնտեսությունները չեն շահի»:
Օլեսյա Վարդանյան․ «Հատկապես անցած տարի, երբ Ադրբեջանը ուժով գրավեց Լեռնային Ղարաբաղի մնացյալ հատվածը, շատերն ասացին, թե Ադրբեջանը կորցնում է Հայաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունը: Սակայն տեսանք, որ գործընթացը վերսկսվեց, սակայն ոչ այնպես ինչպես նախկինում էր: Ոչ թե ԱՄՆ Եվրամիության մասնակցությամբ, այլ երկու երկրների միջև բանակցությունների տեսքով: Եվ թվում է, թե Ադրբեջանի հիմնական նպատակն է տեսնել, թե ինչ կարող է վերցնել այս պահին՝ առանց սպասելու:
Հարց է ծագում տարածաշրջանում ապագայի վերաբերյալ: Արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդհարումները շարունակական կլինեն, և Ադրբեջանը ուժ կգործադրի իր ուզածին հասնելու համար: Այս անկայունությունը չի նպաստում ներդրումներին կամ ժողովրդավարության [ամրապնդմանը]:
Ինչպես նշեցինք, վերջին ժամանակներս արևմտյան երկրները չեն մասնակցում խաղաղության շուրջ բանակցություններին: Արդյո՞ք սա ձեռնտու է Հայաստանին և ինչու՞ է Ադրբեջանը դեմ նրանց մասնակցությանը:
Ադրբեջանը բաց է [հայ-ադրբեջանական բանակցություններին] Ռուսաստանի հնարավոր մասնակցության համար, սակայն այն նախընտրում է բանակցություններ վարել Հայաստանի հետ՝ առանց արևմտյան երկրների ներկայության: Ադրբեջանին հարմար է, որ վերջիններս կազմակերպեն քննարկումները, սակայն ներկա չլինեն սեղանի մոտ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար ցանկալի է [ուղղակի] Հայաստանի հետ վարել բանակցությունները, քանի, որ այն՝ [Երևանը] այս պահին խոցելի վիճակում է: Հայաստանն այս պարագայում Ադրբեջանի հետ վիճելու և բանակցելու լայն հնարավորություններ չունի: Եթե արևմտյան ներկայացուցիչներ լինեն սեղանի շուրջ, նրանք կարող են իրենց տեսակետներն ունենալ, ինչի արդյունքում [Ադրբեջանը] չի կարող մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ իր ուզածը ստանալու համար»:
«Ամերիկայի ձայն»․ «Խնդրում եմ, նկարագրեք հայ-ամերիկյան ներկայիս հարաբերությունները: Վերջերս Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունն այցելեց Հայաստան։ Օրեր առաջ Կոնգրեսում լսումների ժամանակ քննարկվում էր Հայաստանում ժողովրդավարության թեման, որին դուք մասնակցում էիք: Եվ ի՞նչ դեր ունի Միացյալ Նահանգները՝ առանց ուղղակի մասնակցելու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում»:
Օլեսյա Վարդանյան․ «ԱՄՆ մի պաշտոնյայի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ից Հայաստան են գալիս շատերը: Սա ուղղակիորեն ընդգծում է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանով և [Հայաստանի հետ] համագործակցությամբ: Կարևոր է Բրյուսելում [ձեռքբերված] Հայաստանի, Եվրամիության ու ԱՄՆ միջև հռչակագիրը: Ինչին հաջորդեց Երևանում ստորագրված համաձայնագիրը՝ համագործակցության ամրապնդման շուրջ:
Հայկական կողմից հետաքրքրությունը պարզ է և այն բխում է անկախ մնալու ձգտումից: Երբ հայացք ես նետում հարևան երկրներին՝ խոսքս Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին է, սկսում ես մտածել քո ապագայի և սեփական անկախությունը երաշխավորելու մասին: Սա համընկնում է Ադրբեջանի կողմից հարձակումների աճի հետ, և խոսքս ոչ միայն անցյալ տարվա ղարաբաղյան հարձակումների և ավելի քան հարյուր հազար հայերի արտահոսքի մասին է, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանին [տեղ գտած] անհանգստությունների և հարձակումների մասին: Հայաստանն այստեղ է տեսնում իր թուլությունը և կցանկանար համագործակցել ԱՄՆ հետ: Կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները զգուշավոր է, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ի մտահոգությամբ՝ տարածաշրջանում ավելի խորը ապակայունության հետ կապված, հատկապես՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին: Մյուս կողմից, տեսանելի է, որ ԱՄՆ-ն սկսում է արձագանքել Հայաստանից եկող համագործակցության մասին ազդակներին»:
«Ամերիկայի ձայն»․ «Կարո՞ղ են ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքներն ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Արդյո՞ք ընտրությունները ազդում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա»:
Օլեսյա Վարդանյան․ «Իհարկե, նման հարցադրումները շատ են, հատկապես տարածաշրջանի մարդկանց շրջանում: Արդյո՞ք Ադրբեջանը ձգձգում է համաձայնագրի կնքումը՝ սահմանադրության փոփոխությունների միջոցով, սպասելով ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին: Մինչ, ընդհանուր առումամբ, ընտրությունների արդյունքները որոշակի նշանակություն կունենան, Հայաստանի պաշտոնյաների հետ խոսելիս՝ հասկանալի է դառնում, որ Արևմուտքի հետ համագործակցության վերաբերյալ խոսույթի փոփոխություն կա: Հասկանալի է, որ եթե ընտրությունների արդյունքում ուկրաինական պատերազմի ուղղությամբ փոփոխություններ լինեն, այն ուղղակիորեն կազդի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի վրա: Մյուս կողմից, կարելի է տեսնել, որ Հայաստանի պաշտոնյաները համագործակցության ուղիներ են փնտրում՝ նույնիսկ, եթե այն ավելի դանդաղ է տեղի ունենում, քան իրենք կցանկանային, ներառյալ՝ Եվրամիության ուղղությամբ»:
«Ամերիկայի ձայն»․ «Ինչո՞վ էին Կոնգրեսի այս լսումները տարբերվում նման մյուս հանդիպումներից: Ի՞նչ փոփոխություններ են նկատվում հայ-ամերիկյան հարաբերություններում»:
Օլեսյա Վարդանյան․ «Կոնգրեսի հանձնաժողովի [անդամնեևրին] հանդիպել էի դեռևս հուլիսին՝ Հայաստան նրանց կատարած այցի ժամանակ: Նրանց հետ բաց քննարկումներ ունեցանք, և կարող եմ ընդգծել, որ նրանց հարցադրումներն ավելի տեղեկացված բովանդակություն ունեին, եթե համեմատենք նախկինում Հայաստանի շուրջ տեղի ունեցած քննարկումների հետ: Այս լսումները կարևոր էին այն առումով, որ չնայած նախագահական թեժ ընտրապայքարին, ներկա էին ԱՄՆ կոնգրեսականներ երկու կուսակցություններից, որոնք միասնաբար ընդգծում էին Հայաստանի հետ հարաբերությունների և նրա ժողովրդավարության կարևորությունը: Տեսանք, որ ներկա էին կոնգրեսականներ ոչ միայն Սենատից, այլ Ներկայացուցիչների տնից: Այն նաև ուղերձ էր տարածաշրջանին, որ նրանք այստեղ են և պատրաստ են աջակցել: Կրկին՝ սա կարևոր է, քանզի տեղի էր ունենում ընտրապայքարի շրջանում, ինչը կարող է նաև հանգստության ազդակ հղել տարածաշրջանին՝ ԱՄՆ ընտրությունների արդյունքների առնչությամբ»:
«Ամերիկայի ձայն»․ «Հայաստանը բազմիցս նշել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին: Ինչպե՞ս կարող է այս որոշումը ազդել Հայաստանի վրա՝ թե՛ բացասական, թե՛ դրական տեսանկյունից»:
Օլեսյա Վարդանյան․ «Հայաստանի քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններից պարզ է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը նրանց գլխավոր քննարկումների շարքում է:
Պարզ է, որ դա պայմանավորված է անվտանգության վերաբերյալ Հայաստանի անհանգստությամբ: Հայաստանը դժգոհ է ոչ միայն Ռուսաստանից, այլև դաշինքի մյուս անդամ երկրներիի հայտարարություններից՝ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների ֆոնին: Մյուս կողմից, նկատելի է Հայաստանի հետաքրքրության անկումը՝ պայմանավորված ՀԱՊԿ-ից էժանագին զինամթերքի մատակարարման դադարով: Ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ լինելը Հայաստանին զրկում է այլ երկրների, հատկապես՝ արևմտյան երկրներ հետ ռազմական համագործակցության հնարավրությունից: Հայաստանը ՀԱՊԿ-ին ցույց է տալիս դժգոհությունը՝ միաժամանակ ոչ թե լքելով [կազմակերպությունը], այլ սառեցնելով իր մասնակցությունը: Միևնույն ժամանակ, նման կերպ ցույց է տալիս իր արևմտյան գործընկերներին, որ նրանց աջակցության կարիքն ունի:
Հատկանշական է Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ համաձայնությունը, որը սկսեց օգնել Հայաստանին կառուցել իր պաշտպանությունը: Ինչպես նաև Եվրամիության որոշումը՝ Հայաստանին աջակցել Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, որը Եվրամիությունը ստեղծել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո՝ հարևան երկրներին աջակցելու նպատակով: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ երկրներից միակն է, որն օգտվում է այս ծրագրից»:
«Ամերիկայի ձայն»․ «Հայտնի է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից։ Արդյո՞ք այն խոչընդոտում է ԱՄՆ կողմից ներդրումների իրականացմանը»:
Օլեսյա Վարդանյան․ «Կարծում եմ, ԱՄՆ համար կարևոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը, որն ի վերջո կարող է հանգեցնել Թուրքիայի հետ սահմանի բացմանը: Դա կարող է տարածաշրջանին կայունույթուն հաղորդել և ներդրումների համար ավելի լայն հարթակ ստեղծել՝ տարբեր ոլորտներում: Երբ խոսքը գնում է տնտեսական օգնության մասին, կարծում եմ, Եվրամիությունն ավելի հավանական ընկեր է Հայաստանի համար, քանի որ այն ավելի մոտ է»:
«Ամերիկայի ձայն»․ «Կարծո՞ւմ եք, հավանականություն կա՞, որ Լեռնային Ղարաբաղից [տեղահանված] փախստականները կկարողանան երբևէ տուն վերադառնալ, և ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն նպաստել այս առումով»:
Օլեսյա Վարդանյան․ «Այս հարցը քննարկվում է երկու առումով։ Մեկը՝ մարդասիրական կողմն է, որտեղ բավականին աշխատանք է իրականացվում: Մյուսը՝ դիվանագիտական կողմն է, ուր առաջընթաց չի գրանցվում: Ինչը փախստականների շրջանում դժգոհություն է առաջ բերում: Բանակցություններում Հայաստանն ու Ադրբեջանը ընտրում են թեմաներ, որոնց շուրջ համաձայնության գալու և առաջ շարժվելու հավանականությունն ավելի մեծ է: Չեմ կարծում, հարցն ամբողջությամբ փակ է, և խոսելիս փախստականների հետ՝ միշտ հարցնում են, թե երբ են տուն վերադառնալու: Առաջնային է նրանց ներկայիս կարիքները հոգալը, նրանք առերեսվում են բազմաթիվ խնդիրների: Հարկավոր է նրանց հնարավորություն տալ արժանապատիվ ապագա ստեղծել և իրենց կյանքը բարելավել: Հայաստանը մեծ աշխատանք է տանում, հատկապես՝ նման փոքր երկրի համար: Այն դեռևս նպաստ է տրամադրում և ծրագրեր մշակում: Հայաստանի պաշտոնյաները չեն թաքցնում, որ ուղիներ են փնտրում փախստականների հետ երկխոսության համար, և այդ նպատակով ԱՄՆ-ն միջոցներ է տրամադրում՝ ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական ու նման խնդիրների հաղթահարման երկարատև ծրագրերի միջոցով»:
«Ամերիկայի ձայն»․ «Թուրքիան զգալի դեր է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ։ Ի՞նչ դեր ունի այսօր»:
Օլեսյա Վարդանյան․ «Այն շարունակում է զգալի դեր խաղալ, և կարող ենք տեսնել որ Թուրքիայի ու Հայաստանի սահմանի շուրջ քննարկումները շարունակվում են: Այլևս գաղտնիք չէ, որ Թուրքիան սպասում է հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրմանը՝ Հայաստանի հետ սահմանի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ: Կարծում եմ, քայլ անելուց առաջ Թուրքիան կցանկանա ավելի կայուն խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ոչ ժամանակավոր բնույթի մի հայտարարություն»: