Մատչելի հղումներ

Սեպտեմբերի 11-ի ահաբեկիչները սխալվում էին, երբ կարծում էին, որ կկարողանան կոտրել մեր կամքը․ Ջո Բայդեն


2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունները
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունները

ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը հայտարարությամբ են հանդես եկել Միացյալ Նահանգների պատմության ամենից սև էջերից մեկի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հերթական տարելիցի կապակցությամբ։

Հիշեցնենք՝ ահաբեկչության հետևանքով զոհվեց մոտ 3 հազար մարդ:

«Այսօր մեր երկիրը միավորվում է՝ կրկին հիշելու մեր սրբազան ուխտը՝ երբե՛ք չմոռանալ 2977 թանկագին կյանքերից յուրաքանչյուրին, որոնց խլեցին մեզնից, երբ ահաբեկիչները հարձակվեցին մեր երկրի վրա: Երբե՛ք չմոռանալ նրանց ընտանիքներին, ովքեր դեռ կրում են այդ այրվող սեպտեմբերյան առավոտվա վիշտը: Երբե՛ք չմոռանալ հերոս քաղաքացիներին և փրկվածներին, ովքեր շտապեցին օգնել իրենց ամերիկացի համաքաղաքացիներին: Եվ երբե՛ք չմոռանալ, որ չարիքի և թշնամու առջև, որը ձգտում էր մեզ բաժանել, կանգուն մնացինք»,- ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ ամերիկացի ժողովուրդն ապացուցեց իր տոկունությունը․ «Քաղաքացիական անձինք և զինվորականները, որոնք նետվեցին հրկիզվող տարածք՝ իրենց գործընկերներին փրկելու համար: Չվերթ 93-ի հերոսները, որոնք խիզախորեն դիմադրեցին ահաբեկչությանը և, անկասկած, փրկեցին ավելի շատ ամերիկացիների կյանքեր: Հարևանները, որոնք օգնեցին [պարզ մարդկանց]՝ հաղթահարել վիշտը և վերականգնել իրենց ուժերը»:

ԱՄՆ նախագահը նշել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները սխալվում էին, երբ կարծում էին, թե «կարող են կոտրել մեր կամքը և ստիպել մեզ ծնկի գալ»: Բայդենը խոստացել է շարունակել պայքարն ահաբեկչության դեմ և «շարունակել արդարադատություն իրականացնել ահաբեկիչների նկատմամբ»:

Հիշեցնենք, 23 տարի առաջ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավեցին չորս ուղևորատար ինքնաթիռներ և դրանք ուղղեցին Նյու Յորքի հայտնի երկնաքերերի՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների ու Պենտագոնի շենքի դեմ: Չորրորդ ինքնաթիռը ընկավ Փենսիլվանիա նահանգում՝ դաշտում, այն բանից հետո, երբ ուղևորները դիմադրություն ցույց տվեցին ահաբեկիչներին:

Պենտագոնում զոհվեցին 184 մարդ, Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնում՝ 2606 մարդ, ևս 44-ը՝ Փենսիլվանիայում ինքնաթիռի կործանման հետևանքով:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն իր հայտարարության մեջ հիաշատակել է «պարզ ամերիկացիների բացառիկ հերոսությունը, որոնք այդ ճակատագրական օրը օգնում էին իրենց հայրենակիցներին»:

Հարիսը հիշեցրել է նաև 2011 թվականին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած գործողության մասին, որի արդյունքում ոչնչացվեց «Ալ-Քաիդայի» հիմնադիր Ուսամա բեն Լադենը։ Խոսեց նաև երկու տարի առաջ նախագահ Ջո Բայդենի հրամանով իրականացված հատուկ գործողության մասին, երբ սպանվեց բեն Լադենի տեղակալ Այման ալ-Զավահիրին:

Ուսամա բեն Լադեն և Այման Զավահիրի (աջից)
Ուսամա բեն Լադեն և Այման Զավահիրի (աջից)

«2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները փորձեցին հարձակվել և ոչնչացնել մեր կենսակերպը՝ մեր ժողովրդավարությունը, մեր ազատությունները և այն ամենը, ինչը թանկ է մեզ՝ ամերիկացիներիս համար»,- ասել է Հարրիսը՝ ընդգծելով, որ ահաբեկիչները ձախողվեցին:

Ահաբեկչության տարելիցին է անդրադարձել նաև Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ աջակցության խոսքեր հայտնելով զոհվածների ընտանիքներին:

ԱՄՆ դրոշը Նյու Յորքի 9/11 հուշահամալիրում
ԱՄՆ դրոշը Նյու Յորքի 9/11 հուշահամալիրում

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրությունում Թրեյսին նաև կոչ է արել հարգել 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում զոհված ամերիկացիների հիշատակը:

Հիշեցնենք, այդ օրը Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը, ևս երեք ամերիկացի դիվանագետներ սպանվեցին Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակման հետևանքով:

«Նրանց քաջությունն ու անձնվիրությունը շարունակում են ոգեշնչման աղբյուր լինել ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցների և ողջ ամերիկյան ժողովրդի համար։ Մենք՝ Ռուսաստանում ԱՄՆ առաքելության աշխատակիցներս, ինչպես և բոլոր ամերիկացիները, երբեք չենք մոռանա այդ ողբերգական օրը, բազմաթիվ զոհերին և փրկարարներին, որոնք նետվեցին վտանգին ընդառաջ՝ հնարավորինս շատ կյանքեր փրկելու: Չնայած ԱՄՆ և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա ներկայիս լարվածությանը, հիշում ենք այն աջակցության մասին, որը ցուցաբերեցին Ռուսաստանի կառավարությունն ու ժողովուրդը՝ ի նշան ամերիկացիների հետ համերաշխության այդ սարսափելի օրերին»,- ասել է Թրեյսին, ով, հիշեցնենք, մինչ Մոսկվա մեկնելը ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում:

Ռուսաստանում. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունը

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները սպանեցին մոտ 3 հազար մարդու, վիրավորվեցին 6 հազարից ավելի՝ պատմության ընթացքում ԱՄՆ դեմ իրականացված ամենից սարսափելի հարձակման հետևանքով: Այսօր հարգում ենք նրանց հիշատակը և աջակցություն հայտնում Նյու Յորքում, Վիրջինիա նահանգի Արլինգտոնում և Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլում զոհվածների ընտանիքներին ու ընկերներին:

Նաև հիշատակում ենք մեր գործընկերներին, որոնք սպանվեցին տասնմեկ տարի անց՝ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, Լիբիայի Բենգազի քաղաքում: Նրանց քաջությունն ու անձնվիրությունը շարունակում են ոգեշնչման աղբյուր լինել ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցների և ողջ ամերիկյան ժողովրդի համար։ Մենք՝ Ռուսաստանում ԱՄՆ առաքելության աշխատակիցներս, ինչպես և բոլոր ամերիկացիները, երբեք չենք մոռանա այդ ողբերգական օրը, բազմաթիվ զոհերին և փրկարարներին, որոնք նետվեցին վտանգին ընդառաջ՝ հնարավորինս շատ կյանքեր փրկելու: Չնայած ԱՄՆ և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա ներկայիս լարվածությանը, հիշում ենք այն աջակցության մասին, որը ցուցաբերեցին Ռուսաստանի կառավարությունն ու ժողովուրդը՝ ի նշան ամերիկացիների հետ համերաշխության այդ սարսափելի օրերին»։

Սեպտեմբերի 11-ի արյունալի իրադարձությունների, համաշխարհային պատմության վրա թողած ազդեցության և հերոսական վարք դրսևորած փրկարարների մասին, որոնք այդ օրը զոհաբերեցին իրենց կյանքը, կարելի է տեղեկանալ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին նվիրված ԱՄՆ ազգային հուշարձանի և թանգարանի կայքէջից:

XS
SM
MD
LG