Մատչելի հղումներ

Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը ենթարկվել են ուկրաինական անօդաչուների ամենահուժկու հարձակմանը պատերազմի բռնկումից ի վեր


Ռամենսկոե, Մոսկվայի մարզ
Ռամենսկոե, Մոսկվայի մարզ

Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը ենթարկվել են ուկրաինական անօդաչուների ամենահուժկու հարձակմանը պատերազմի բռնկումից ի վեր

Նախորդ 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը թիրախավորել են Ուկրաինայի ութ մարզերի էներգետիկ ենթակառուցվածքները։

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր Մոսկվան, մերձմոսկովյան շրջանը և Ռուսաստանի մի քանի այլ մարզեր այս երեքշաբթի ենթարկվել են ուկրաինական անօդաչուների ամենից հուժկու հարձակման: Առնվազն մեկ մարդ է մահացել, մի քանիսը վիրավոր են: Ավերվել են տասնյակ շենքեր։ Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայանների աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվել է։

Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարևելով ռուսաստանցի պաշտոնյաներին։

Մոսկվան մեղադրել է Ուկրաինային։ Կիևը չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Ռուսական իշխանությունները հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է առնվազն 20 անօդաչուներ, որոնք շարժվում էին մերձմոսկովյան մարզ։ Եվս 124-ը թռչում էին ութ այլ մարզերի ուղղությամբ։

Մոսկվայի չորս օդանավակայաններից երեքը՝ «Ժուկովսկին», «Վնուկովոն» և «Դոմոդեդովոն», փակվել էին՝ հաղորդել է «Ռոսավիացիան»: Ավելի ուշ նրանց աշխատանքը վերսկսվել է։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, թե հարձակման հետևանքով Ռամենսկի շրջանում վնասել են առնվազն երկու բազմահարկ բնակելի շենքեր: Որոշ բնակարաններում հրդեհ է բռնկվել։

Ըստ Վորոբյովի, Ռամենսկիեում 46-ամյա կին է մահացել: Երեք մարդ վիրավոր է: Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ ժամանակավոր տեղավորման կենտրոններ են տարհանվել 43 հոգի։ Ընդգծել է՝ անօդաչուները ուղղված էին դեպի Պոդոլսկ, Լյուբերց, Դոմոդեդովո և Կոլոմնա բնակավայրեր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բրյանսկի շրջանում ավելի քան 70 անօդաչու է խոցվել։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Իր հերթին՝ Ուկրաինան ընդգծել է, թե իրավունք ունի հարվածել Ռուսաստանի տարածքին, որը 2022 թվականից լայնածավալ պատերազմ է վարում Կիևի դեմ։

Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում ութ մարզերում՝ Դնեպրոպետրովսկում, Դոնեցկում, Նիկոլաևում, Պոլտավայում, Սումիում, Խարկովում, Խերսոնում և Չեռնիգովում, էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորել են ռուսական ուժերի կողմից։

Նախարարությունը հավելել է, թե մի քանի մարզերում հարձակումները վնասել են բարձր լարման գծերն ու ենթակայանները:

Այս ամենի ֆոնին՝ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ընդգծելով ինքնապաշտպանվելու Ուկրաինայի իրավունքը, այդ թվում՝ հեռահար հրթիռների օգտագործմամբ, որոնք Ռուսաստանում կարող են խոցել ռազմական թիրախներ։

Իր հերթին՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջնահերթություն է համարում ուկրաինացիներին տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ Մաժամանակ, Սպիտակ տունը և պետքարտուղարությունը հաստատել են, որ Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել ռուսական տարածքներն ամերիկյան սպառազինությամբ թիրախավորելու հարցում։

XS
SM
MD
LG