Միացյալ Նահանգները երեքշաբթի հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին՝ Թեհրանի կողմից Կրեմլին բալիստիկ հրթիռներ մատակարարելու պատճառով։
Հայտնի է, որ տևական ժամանակ է, ինչ Իրանը Ռուսաստանին է մատակարարում անօդաչուներ, որոնք ավերածություններ են պատճառում Ուկրաինայի բնակավայրերում:
Երեքշաբթի Լոնդոնում հանդիպելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամիին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Թեհրանը սկսել է բալիստիկ հրթիռներ մատակարարել Կրեմլին։
«Նման ընթացքը և Ռուսաստանի ու Իրանի միջև աճող համագործակցությունը սպառնում է եվրոպական անվտանգությանը և ցույց է տալիս, թե ինչպես է Իրանի ապակայունացնող ազդեցությունը տարածվում Մերձավոր Արևելքից հեռու: Իր հերթին, Ռուսաստանն Իրանին է տրամադրում վերջինիս անհրաժեշտ տեխնոլոգիա: Սա երկկողմանի ճանապարհ է, այդ թվում՝ միջուկային ոլորտում, տիեզերքին վերաբերող տեղեկատվության շուրջ համագործակցության ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենը հայտարարել է Թեհրանի դեմ կիրառված նոր պատժամիջոցների մասին։
«Միացյալ Նահանգներն այսօր՝ ավելի ուշ կհայտարարի Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին, այդ թվում՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով Iran Air-ի նկատմամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Iran Air-ից զատ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել նաև իրանական ֆիզիկական անձանց, ձեռնարկությունների, անգամ՝ նավերի նկատմամբ, որոնք ներգրավված են իրանական զենքը Ռուսաստան տեղափոխելու գործում:
Կրեմլը հաստատել է, որ Թեհրանը համագործակցում է Մոսկվայի հետ խիստ զգայուն ոլորտներում՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
Դմիտրի Պեսկովը Պուտինի խոսնակն է։
«Իրանը մեր կարևոր գործընկերն է։ Մենք զարգացնում ենք մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր ոլորտներում, այդ թվում՝ ամենազգայուն»,- ասել է Պեսկովը։
Բլինքենն ու Լամին ընդգծել են, թե այժմ «կրիտիկական պահ է» Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար: Երկուսը միասին այս շաբաթ մեկնելու են Կիև:
Վերլուծաբան Գարեթ Մարտինի խոսքով՝ այդ հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հավանաբար, պնդելու է, որ արևմտյան դաշնակիցները թույլ տան Կիևին արևմտյան հեռահար սպառազինությամբ հարվածել Ռուսաստանի տարածքին:
«Ընդհանուր առմամբ, Միացյալ Թագավորությունը հաճախ [Ուկրաինային ցուցաբերվող օգնության] առաջնագծում է եղել: Եթե մտածում եք հեռահար հարվածներին վերաբերող բանավեճերի մասին, արդյո՞ք նրանք այժմ կարող են հանդես գալ նույն դիրքորոշմամբ»,- ասել է Մարտինը:
Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ուրբաթ այցելելու է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, և օրակարգում իրավիճակն է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Մեծ Բրիտանիան հայտարարեց Իսրայելին զենքի որոշ տեսակների վաճառքը դադարեցնելու մասին՝ պատճառաբանելով, թե Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ խախտվել է միջազգային հումանիտար իրավունքը։ Իսրայելը հերքում է մեղադրանքը:
ԱՄՆ-ն, սակայն, շարունակում է սպառազինության մատակարարումը Երուսաղեմին՝ ընդգծելով, որ Իսրայելը չի խախտել միջազգային իրավանորմերը: