Մատչելի հղումներ

Կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը


Կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ռուսաստանի Աստրախան քաղաքում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասները քննարկվել են` նպատակ ունենալով շարունակել բանակցային աշխատանքը մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը և փոխհամաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն նաև մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների դիերը փոխանակելու վերաբերյալ:

Մինչ եռակողմ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել էր քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձանը և ծաղկազամբյուղ է դրել 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում տեղադրված հուշարձան-խաչքարին` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի:

Հայաստանի ղեկավարի հետ միասին հուշարձան են այցելել Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մամուլի հաղորդագրության համաձայն, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հանդիպումից մի քանի ժամ առաջ հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից դիպուկահարի արձակած կրակից սպանվել է 20-ամյա զինծառայող Հարութ Գրիգորյանը: Այս միջադեպից մի քանի ժամ առաջ հայ-ադրբեջանական շփման գծում իր աշխատանքն էր ավարտել զինադադարի ռեժիմի մոնիտորինգն իրականացնող ԵԱՀԿ-ի խումբը:

XS
SM
MD
LG