Աստանայում դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ընթացքում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ համատեղ հայտարարություն:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակն է եկել է:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված համատեղ հայտարարությունում նշվում է, որ «այդ կապակցությամբ նրանք վկայակոչել են Մոսկվայում 2008 թվականի նոյեմբերի 2-ին և Աստրախանում 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունները: Բացի այդ, նրանք համաձայնել են, որ խաղաղ, համաձայնեցված լուծումը կայունություն և անվտանգություն կբերի և տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման միակ ճանապարհն է :
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վերջնական կարգավորման հասնելու շուրջ` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի կողմից 2009 թվականի հուլիսի 10-ին Լ'Աքվիլայում և 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունված հայտարարությունների վրա:
«Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները պարտավորվել են աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին` նրանց կողմից խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշում ընդունելու գործում: Նրանք կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կրկնապատկված եռանդով կենտրոնանալ Հիմնարար սկզբունքներում դեռևս առկա խնդիրների վրա, և հանձնարարել իրենց համանախագահներին շարունակել հակամարտության կողմերի հետ աշխատանքը` նրանց այս ջանքերում աջակցելու համար: Բանակցությունների համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով նրանք կոչ են անում լրացուցիչ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման և բոլոր ոլորտներում վստահության ամրապնդմանւ համար», - ասված է Աստանայում ընդունվաշ համատեղ հայտարարությունում: