ՄԱԿ-ի համաձայն, կազմակերպությունը ստացել է ջրհեղեղից տուժած Պակսիտանին անհապաղ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ 460 միլիոն դոլար կազմող գումարի կեսից ավելին:
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի խոսնակ Մաուրիցիո Ջուլիանոն ասել է, որ օրեր շարունակ արտասահմանյան ֆինանսավորող կազմակերպություններին առավել մեծ ծավալով օգնություն տրամադրելու կոչով դիմելուց հետո ֆինանսավորումը տրամադրելու գործընթացը բարելավվում է: Արդեն տրամադրվել է անհրաժեշտ գումարի 54 տոկոսը:
Սակայն Մաուրիցիո Ջուլիանոն նախազգուշացրել է, որ դեռևս առկա են բազմաթիվ դժվարություններ: ՄԱԿ-ի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ առանց մաքուր ջրի, սննդի և կացարանի տեսքով լրացուցիչ օգնության կարող է սկսվել ջրով փոխանցվող հիվանդություններով առաջացրած մահացու դեպքերի «երկրորդ ալիքը»:
Չորեքշաբթի օրը Եվրամիությունը հայտարարել է Պակիստանին լրացուցիչ 39 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին, ինչը Եվրամիության տրամադրած օգնության ընդհանուր ծավալը հասցրել է 90 միլիոն դոլարի:
Սաուդյան Արաբիայում կայացած «Իսլամական խորհրդաժողով» կազմակերպության արտակարգ նիստի ընթացքում կազմակերպությունը կոչ է արել անդամ պետություններին և միջազգային հանրությանը ավելացնել Պակիստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալները:
Չորեքշաբթի օրը Հռումում իր շաբաթական ելույթի ընթացքում Հռոմի պապ Բենետիկտոս XVI-ը ջրհեղեղից տուժածներին օգնություն տրամադրելու մեջ համախմբվածության և «հստակ օժանդակություն ապահովելու» կոչ է արել:
Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղը դարձել է մոտ 1600 հոգու մահվան պատճառ: ՄԱԿ-ի պաշտոնյաների համաձայն, որևէ օթևան դեռ չունի ավելի քան 650000 մարդ: