Մատչելի հղումներ

Պակիստանում պետք է էվակուացվի մոտ կես միլիոն մարդ


Պակիստանի իշանությունները կարգադրել են մոտ կես միլիոն մարդու լքել երկրի հարավում գտնվող քաղաքները, որոնց նոր ջրհեղեղ է սպառնում:

Նախազգուշացումը տարածվել է հինգշաբթի օրը, երբ Ինդոս գետի ջրերը վնասել են երկրի Սինդհ նահանգում կառուցված ամբարտակը: Թհատտա շրջանում իրականացվում են ամբարտակների ամրապնդման աշխատանքներ: Բնակչությունը էվակուացնելու համար իշխանությունները դիմել են բանակի օգնությանը:

Չնայած ջրհեղեղի ջրի մակարդակը երկրում սկսում է իջնել, Արաբական ծովի ուժգին մակընթացությունը և անձրևների վերսկսման հնարավորությունը բարձրացրել են Սինդհ նահանգում նոր ջրհեղեղների վտանգը:

Մեկ ամիս առաջ մուսոնային անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղը դարձել է մոտ 1600 մարդու մահվան պատճառ: Ջրհեղեղից տուժել է ընդհանուր առմամբ մոտ 20 միլիոն մարդ:

Պակիստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ մահմեդական զինյալները փորձելու են բնական աղետն օգտագործել իրենց օգտին: Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի անանուն մի պաշտոնյա հայտնել է, որ Պակիստանում գործող թալիբների թիրախ կարող են դառնալ մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքներ իրականացնող արտասահմանցիները:

Չորերքշաբթի օրը թալիբների խոսնակը հայտնել է, որ կասկածի տակ է առնում ԱՄՆ-ի օգնության տրամադրման դրդապատճառները և չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից օգնության տրամադրումը:

ՄԱԿ-ի և Պակիստանի պաշտոնյաները փորձել են նվազեցնել այդ սպառնալիքի ազդեցությունը` ասելով, որ այդպիսի հարձակումն առաջացնելու է բնակչության հակազդեցությունը:

XS
SM
MD
LG