Հյուսիսային Կորեան հրետանային ուժեղ կրակ է բացել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտակայքում գտնվող մարդաբնակ կղզու ուղղությամբ` ստիպելով Հարավային Կորեային պատասխան կրակ բացել և օդ հանել ռեակտիվ կործանիչներ:
Հարավային Կորեայի զինված ուժերի համաձայն, հարձակման զոհ է դարձել երկու, վնասվածքներ ստացել` 12 զինծառայող:
Այս միջադեպը Կորեական պատերազմի ժամանակից տեղի ունեցած ամենալուրջ միջադեպն է:
Մամուլի հաղորդագրությունների համաձայն, բռնկվել է մի քանի տուն: Վնասվածքներ են ստացել քաղաքացիական անձինք, իսկ Յենփյոնգ կղզու ավելի քան 1 000 բնակիչ էվակուացվել է ժամանակավոր կացարաններ:
Հարավային Կորեայի նախագահ Լի Մուն-բակը հրավիրել է ուժային կառույցների նախարարների արտակարգ հանդիպում և փորձում է կանխել հրետանային փոխհրաձգության սաստկացումը, սակայն երկրի կառավարությունը զգուշացրել է, որ հարձակումները շարունակելու դեպքում կձեռնարկվեն պատասխան համարժեք քայլեր:
Միացյալ Նահանգները պահանջել է, որպեսզի Հյուսիսային Կորեան «դադարեցնի իր ռազմատենչ գործողությունները» և վերահաստատի Հարավային Կորեայի անվտանգությանն իր հանձնառությունը:
Հյուսիսային Կորեան փոխհրաձգության մեջ մեղադրել է Հարավային Կորեայի զինված ուժերին, որոնք ամենամյա ռազմավարժություններ էին անցկացնում Հյուսիսային Կորեայի ափից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կղզում, սակայն Հարավային Կորեան հայտնել է, որ իր ուժերի կրակն ուղղված էր դեպի ծովը` Հյուսիսի տարածքից հակառակ ուղղությամբ: