Հյուսիսային Կորեան հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրի դիվանագիտական ծառայության ղեկավարը մեկնել է Ռուսաստան՝ կատարելով Կորեական թերակղզում լարվածությունը նվազեցնելուն ուղղված ևս մեկ փորձ։
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը երկրի արտգործնախարար Պակ Ույ–Չունի՝ Մոսկվա մեկնելու մասին անդրադարձել է ընդամենը մեկ նախադասությամբ՝ չտրամադրելով այլ մանրամասներ։
Կորեայի արտգործնախարարը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանն ուրբաթ օրը հայտնել է, թե Փխենյանը հիմնավորված է համարում երկրի միջուկային պաշտպանության մշակումը՝ ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի կողմից հնչեցվող սպառնալիքներին։
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը մեղադրել է Հարավային Կորեային և ԱՄՆ–ին թշնամանք սերմանող և առճակատման տանող քաղաքականություն իրականացնելու մեջ։
Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը դադարեցնելուն ուղղված բանակցային վեցկողմյա գործընթացում մասնակցող պետություններից մեկն է։ Բացի Ռուսաստանից, բանակցային գործընթացում ներգրավված են նաև երկու Կորեաները, Չինաստանը, Ճապոնիան և ԱՄՆ–ը։