Հարավային Կորեայի Ջեջու կղզում անցկացված երկօրյա գագաթաժողովի ընթացքում Չինաստանի վարչապետ Ուեն Ջիաբոն, Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հաթոյաման և Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բակը քննարկել են երկու Կորեաների միջև տիրող լարվածությունը:
Հանդիպման սկզբին Ճապոնիայի վարչապետը խոստացել է աջակցել Սեուլին` հարավկորեական ռազմանավը խորտակելու պատճառով Հյուսիսային Կորեային պատժելու միջազգային ջանքերը:
Չինաստանի վարչապետն իր ցավակցությունն է հայտնել ռազմանավի խորտակման արդյունքում զոհված 46 նավաստիների մահվան կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Չինաստանը դատապարտում է Կորեական թերակղզում խաղաղությանը և կայունությանը սպառնացող ցանկացած գործողություն:
Միջազգային հետաքննությունը եզրակացրել է, որ հարավ-կորեական ռազմանավը խորտակվել է Հյուսիսային Կորեայի սուզանավի կողմից արձակված տորպեդոյի հարվածից: Փխենյանը մերժել է այդ զեկույցը և այն անվանել "կեղծիք":
Մամլո ասուլիսում Հյուսիսային Կորեայի գեներալ Պակ Ռիմ Սուն հայտարարել է, որ ռազմանավի խորտակման շուրջ Հարավային Կորեայի ստեղծած "կեղծիքը" Կորեական թերակղզին կանգնեցրել է պատերազմի վտանգի առջեւ:
Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել բոլոր ռազմական համաձայնությունները Հարավի հետ:
Հարավային Կորեայի լրատվամիջոցների համաձայն, երկրում տեղակայված իր և ԱՄՆ-ի զինված ուժերը բերվել են պատրաստ վիճակի և հզորացրել Հյուսիսում օդային հետախուզությունը:
Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ը փորձում են համոզել Չինաստանին, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այն աջակցի Հյուսիսային Կորեային պատժելու առաջարկը: Չինաստանի վարչապետը հայտնել է, որ իր կառավարությունը կքննի զեկույցը ու հանդես կգա “անկողմնակալ և ազնիվ” դիրքորոշմամբ: