Մատչելի հղումներ

 
Իսրայելում քննարկում են «Համասի» արձագանքը հրադադարի առաջարկին

Իսրայելում քննարկում են «Համասի» արձագանքը հրադադարի առաջարկին


Պաղեստինցի զույգը իրենց երեխաների հետ միասին, երբ նրանք քայլում են բեկորների միջով Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում 2024 թվականի հուլիսի 4-ին
Պաղեստինցի զույգը իրենց երեխաների հետ միասին, երբ նրանք քայլում են բեկորների միջով Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում 2024 թվականի հուլիսի 4-ին

Իսրայելական ռազմուժն ու Լիբանանում գործող «Հըզբոլլահ» խմբավորման զինյալները հինգշաբթի օդային հարվածներ են հասցրել միմյանց, ինչը խորացնում է մտահոգությունները, թե Գազայում ընթացող ռազմական գործողությւոնները կարող են տեղափոխվել Իսրայելի հյուսիս՝ Լիբանան:

«Հըզբոլլահի» ներկայացմամբ, ավելի քան 200 հրթիռ է արձակել իսրայելական ուժերի ուղղությամբ, կիրառել է նաև «պայթուցիկ կրող անօդաչուներ»: Իրանի աջակցությունը վայելող շիական այդ խմբավորումն ընդգծել է, թե իր գործողությունները պատասխանն էին իսրայելական ուժերի կողմից «Հըզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությանը:

Շիական խմբավորման հարձակման հետաևքով Իսրայելի հյուսիսային շրջաններում միացել էր օդային տագնապի ազդանշանը։ Իսրայելական կողմի փոխանցմամբ, կարողացել է որսալ հրթիռներից շատերը, և ի պատասխան նոր ավիահարվածներ հասցրել Լիբանանում տեղակայված հենակետերին:

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակի սրման զուգահեռ՝ հրեական պետությունը հայտարարել է, թե դիտարկում է «Համասի» արձագանքը հրադադարի առաջարկին, որը ներառում է Գազայում պահվող պատանդների ազատ արձակումը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը չորեքշաբթի հայտարարել է, որ ուսումնասիրում են «որոշ գաղափարներ», որոնք «Համասը» փոխանցել է որպես միջնորդ հանդես եկող Կատարի ներկայացուցիչներին:

«Միջնորդները փոխանցել են «Համասի» պատասխանը պատանդների գործարքի վերաբերյալ: Իսրայելը ուսումնասիրում է պատասխանը և կարձագանքի», - ասված է Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում:

Միջնորդները՝ Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները, ամիսներ շարունակ աշխատում են համաձայնության հասնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պատանդներն ազատ կարձակվեն, կդադարեցվեն ռազմական գործողությունները: Չորեքշաբթի «Համասի» ներկայացրած պատասխանը վերաբերում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այս մայիսի վերջին առաջարկած և երեք փուլից բաղկացած զինադադարի նախագծին:

Այս ամենի ֆոնին՝ ՄԱԿ-ն իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կարգադրության վերաբերյալ, ըստ որի Գազայի հատվածի մոտ 1/3-րդը կազմող Խան Յունիս և Ռաֆահ շրջանների մեծ մասի բնակչությունը պետք է տարհանվի։ Խոսքը մոտ 250 հազար մարդու մասին է:

«Նախորդ երկու օրերին՝ երկուշաբթի կեսօրից ի վեր, երբ տրվեց տարհանման հրամանը, ականատես ենք մարդկանց հոսքի, որը դուրս է գալիս այնտեղից»,- ասել է Պաղեստինի տարածքներում հումանիտար հարցերով զբաղվող ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Անդրեա դե Դոմենիկոն:

Չորեքշաբթի Երուսաղեմում տեսակապի միջոցով կայացած հարցուպատասխանի ժամանակ նա տեղեկացրել է, որ տարհանման մասին Իսրայելի կարգադրությունից հետո ՄԱԿ-ի օգնության գործակալությունները և նրանց գործընկերները հարկադրաբար վերանայել են իրենց աշխատանքը:

«Օգնություն առաքելը մեզ համար բառացիորեն ամենօրյա պայքար է»,- ասել է Անդրեա դե Դոմենիկոն:

Մերձավորարևելյան ներկայիս հակամարտության ընթացքում Իսրայելը բազմիցս կոչ է արել պաղեստինցիներին լքել Գազայի որոշ հատվածներ՝ սովորաբար, տվյալ վայրում ռազմական գործողություններից առաջ, ինչը, ըստ հրեական պետության, նպատակ ունի պաշտպանել խաղաղ բնակչությանը:

Ըստ դե Դոմենիկոյի, ՄԱԿ-ի տվյալներով, Գազայի հատվածում բնակվող յուրաքանչյուր 10 պաղեստինցիներից 9-ը առնվազն մեկ անգամ, իսկ ոմանք՝ մինչև 10 անգամ, հարկադրաբար տարհանվել են՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ից սկսված ռազմական գործողությունների ժամանակ:

ՄԱԿ-ի պաշտոնայան մանրամասնել է, թե մարդկանց ներկայիս հոսքը ուղղություն է վերցրել դեպի Գազայի ափամերձ հատված, որտեղ Իսրայելը ստեղծել է, այսպես կոչված, անվտանգ գոտի, սակայն այն գերբնակեցված է, խմելու ջուրն ու կոմունալ-կենցաղային պայմանները սահմանափակ են:

«Գազայում որևէ տեղ ոչ ոք ապահով չէ։ Շարունակում ենք սա ասել: Բազմիցս ենք ականտես եղել, որ ռազմական գործողություններն ու ռմբակոծությունները նաև տեղի են ունենում Իսրայելի կողմից հայտարարված անվտանգ գոտում»,- ասել է դե Դոմենիկոն:

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին։ Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է մոտ 38 հազար հոգի։

Այս նյութի պատրաստման գործում իր ներդրումն է ունեցել ՄԱԿ-ում «Ամերիկայի ձայնի» թղթակից Մարգարեթ Բեշերը։ Օգտագործվել են նաև Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG