Մատչելի հղումներ

Սի Ծինպինը և Պուտինը փորձում են հակակշիռ ստեղծել Եվրասիայում արևմտյան դաշինքներին


Չինաստանի նախագահ Սի Ծինպինը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը խոսել են եվրասիական հսկայական տարածաշրջանի երկրների միջև անվտանգության, քաղաքական և տնտեսական համագործակցության սերտացման անհրաժեշտության մասին՝ ի հակակշիռ արևմտյան դաշինքների
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը խոսել են եվրասիական հսկայական տարածաշրջանի երկրների միջև անվտանգության, քաղաքական և տնտեսական համագործակցության սերտացման անհրաժեշտության մասին՝ ի հակակշիռ արևմտյան դաշինքների

Հինգշաբթի օրը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները խոսել են եվրասիական տարածաշրջանի երկրների միջև անվտանգության, քաղաքական և տնտեսական ոլորտներում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտության մասին։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը խոսել են եվրասիական հսկայական տարածաշրջանի երկրների միջև անվտանգության, քաղաքական և տնտեսական համագործակցության սերտացման անհրաժեշտության մասին՝ ի հակակշիռ արևմտյան դաշինքների:

Նրանք զրուցել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի երկրորդ և վերջին օրը, մի կազմակերպության, որը ստեղծվել է 2001 թվականին Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների կողմից և այժմ ներառում է Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը և օրերս կառույցին միացած Բելառուսը:

«ՇՀԿ անդամները պետք է ամրապնդեն միասնությունը և համատեղ դիմադրեն արտաքին միջամտությանը՝ պառակտման և միջամտության իրական մարտահրավերներին դիմակայելու համար», - մեջբերում է Սինհուան Սիի խոսքերը՝ զգուշացնելով Արևմուտքի «սառը պատերազմի» մտածելակերպի դեմ։

Պուտինը ՇՀԿ-ին ուղղված իր ուղերձում կրկնել է Ռուսաստանի կոչը՝ ստեղծելու «Եվրասիայում համագործակցության, անբաժանելի անվտանգության և զարգացման նոր ճարտարապետություն, որը կոչված է փոխարինելու հնացած եվրակենտրոն և եվրաատլանտյան մոդելները, որոնք միակողմանի առավելություններ են տալիս միայն առանձին պետություններին», ասել է նա:

Նա կրկին մեղադրեց Արևմուտքին Ուկրաինայի պատերազմի համար և ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է սառեցնել հակամարտությունը, եթե Կիևը և նրա կողմնակիցները ընդունեն բանակցությունների համար Մոսկվայի պայմանները:

Անցյալ ամիս Պուտինը ասաց, որ առաջարկվող նոր Եվրասիական անվտանգության պայմանագիրը պետք է բաց լինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, ներառյալ ՆԱՏՕ-ի ներկայիս անդամների: Բայց նպատակը, ըստ նրա, պետք է լինի Եվրասիայից ցանկացած արտաքին ռազմական ներկայության աստիճանական վերացումը՝ հստակ հղում անելով ԱՄՆ-ին:

Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով ՇՀԿ երկրները նոր առանցքային շուկաներ են ռուսական արտահանման, մասնավորապես՝ նավթի և գազի համար։

Պուտինը նաև ողջունեց հինգշաբթի օրը ՇՀԿ-ի երկրների միջև առևտրում դոլարի փոխարեն ազգային արժույթների աճող օգտագործումը և կոչ արեց ստեղծել նոր վճարային համակարգ խմբի ներսում:

Արևմտյան պատժամիջոցները Մոսկվային կտրել են ավանդական վճարային համակարգերից, ինչպիսին է SWIFT-ը, և հարյուր միլիարդավոր դոլարների ռուսական արժութային պահուստները մնում են սառեցված:

Առանձին-առանձին, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը հանդիպել է Չինաստանի արտաքին քաղաքականության ղեկավար Վան Յիին ՇՀԿ-ի հանդիպման շրջանակում և պայմանավորվել ակտիվացնել բանակցությունները՝ լուծելու սահմանային խնդիրները, որոնք վատթարացրել են հարաբերությունները 2020 թվականի բախումից հետո:

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Չինաստանին, որ իր համագործակցությունը Ռուսաստանի հետ վտանգում է Պեկինի հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։

Պեկինում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսը անցյալ ամիս ասաց, որ Չինաստանը «մեծ սխալ» է գործում՝ աջակցելով Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը Ուկրաինա՝ տրամադրելով հրթիռների և այլ զենքերի տեխնոլոգիաներ:

Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը մայիսին ասել էր, որ «եթե Չինաստանը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Եվրոպայի և այլ երկրների հետ, այն չի կարող շարունակել սնուցել եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիքը՝ ռուսական ագրեսիան Ուկրաինայում»:

«Եթե Չինաստանը դադարի աջակցել Ռուսաստանին, Ռուսաստանի համար դժվար կլինի ռազմական գործողությունները շարունակել Ուկրաինայի դեմ, և ոչ մի երկիր չպետք է հարթակ տրամադրի Պուտինին Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմն առաջ մղելու համար», - բացատրել է Պատելը:

XS
SM
MD
LG