Իսրայելի պաշտպանության ուժերի ծառայողները բարձրացել են միջազգային ջրերում գտնվող պաղեստինամետ ակտիվիստների երկու նավը, որոնք փորձել են ճեղքել Իսրայելի կողմից Գազայի գոտու նկատմամբ իրականացվող շրջափակումը:
Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակը, հանդես գալով հայտարարությամբ, ասել է, որ ուրբաթ օրը նավերի վրա բարձրանալու գործողություններն իրականացվել են կառավարության հրահանգի պահանջների համաձայն` դեպի Գազայի գոտի նավատորմի կազմում գտնվող նավերի ընթացքը դադարեցնելուց հետո:
Վնասվածքներ ստացածների մասին որևէ հաղորդագրություն չի եղել:
Իսրայելի նավատորմը ուղեկցել է ակտիվիստների նավերը Աշդոդ նավահանգիստը, որտեղ ակտիվիստները փոխանցվելու են ոստիկանությանը և ներգաղթի հարցերով զբաղվող պետական մարմիններին:
Իսրայելի պաշտպանական ուժերն ավելի վաղ «YouTube» կայքում տեղադրել են մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես Իսրայելի նավատորմի սպաներից մեկը նախազգուշացրել է ակտիվիստների նավերն այն մասին, որ դրանց կողմից օրինական շրջափակումը ճեղքելու փորձ է իրականացվում: Տեսանյութում ցուցադրվել է նաև, որ նավատորմի սպան առաջարկել է ակտիվիստներին մուտք գործել Իսրայել և նավերով տեղափոխվող ուղեբեռը ցամաքային ճանապարհով հասցնել Գազայի գոտի:
Ակտիվիստների խոսնակ Ֆելիս Գելմանն ավելի վաղ հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ նավերը տեղափոխում են բժշկական նյութեր և պաղեստինցիների հետ համերաշխության մասին նամակներ:
27 ակտիվիստները, որոնց թվում կան նաև ԱՄՆ-ի, Կանադայի և Իռլանդիայի քաղաքացիներ, դեպի Գազայի գոտի մեկնել են չորեքշաբթի օրը: Ակտիվիստներն ասել են, թե իրենց առաքելությունն է` առաքել բժշկական օգնությունն անմիջապես Գազայի գոտի` ճեղքելով Իսրայելի կողմից իրականացվող շրջափակումը: