Թուրքիայի իշխանությունների համաձայն, այս երկիրը դադարեցնում է «բոլոր առևտրային և ռազմական կապերը» Իսրայելի հետ:
Այս հայտարարությամբ երեքշաբթի օրը հադես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա ասել է նաև, որ կարող է այցելել Գազայի գոտի, սակայն այս ծրագրերի մասին ավելի հստակ կհայտնի Եգիպտոս այս ամսվա ավարտին կատարվելիք իր այցի ընթացքում՝ Եգիպտոսի իշխանությունների հետ խորհրդակցություններից հետո:
Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունից մեկ օր առաջ այս երկրի իշխանությունները կարգադրել են Իսրայելի բարձրաստիճան բոլոր դիվանագետներին մինչև չորեքշաբթի օրը լքել Թուրքիան:
Իսրայելի ավիաուղիներից մեկի ուղևորները երկուշաբթի օրը բողոքել են Թուրքիայի իշխանությունների կողմից Ստամբուլի օդանավակայանում իրենց կալանքի տակ վերցնելու և հարցաքննելու մասին, իսկ Թուրքիայի քաղաքացիները բողոքել են Թել Ավիվում իրենց նկատմամբ ցուցաբերված նման վերաբերմունքից: Երկու պետությունների զբոսաշրջիկները հայտնել են իրենց նկատմամբ մանրամասն զննում անցկացնելուց և իրենց մոտից անձնագրերը ժամանակավորապես վերցնելուց:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկուշաբթի օրը Անկարայում հանդիպում է անցկացրել պաղեստինցիների պաշտոնյա Նաբլի Շաաթի հետ: Հանդիպման ընթացքում Դավութօղլուն հայտնել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուրքիան սատարելու է պաղեստինցիների պետության ճանաչումը, ինչին դեմ են հանդես գալիս Իսրայելը և Միացյալ Նահանգները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր կառավարությունը կրճատում է Իսրայելում իր ներկայությունը` հասցնելով այն մինչև դեսպանի երկրորդ քարտուղարի մակարդակի:
Այս որոշումը Թուրքիայի իշխանությունների կողմից կայացվել է «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականի կողմից ՄԱԿ-ի երկար սպասված զեկույցի իր կայքում մեկ օր առաջ հրապարակելուց հետո, որը պարբերականը ձեռք է բերել տեղեկատվական «արտահոսքի» միջոցով:
Ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, ՄԱԿ-ի փորձագետների խումբը եկել է այն եզրակացության, որ Իսրայելի կողմից Գազայի գոտու ծովային շրջափակումը օրինական է, սակայն թուրքական նավի կողմից շրջափակումը ճեղքելու փորձի կանխման ընթացքում Իսրայելի կառավարությունը «անհամաչափ և անհիմն» ուժ է գործադրել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հանդես գալով երկրի նախարարների խորհրդի առջև, ասել է, որ թեև իր կառավարությունը զղջում է նավատորմի ուղղությամբ կատարված գրոհի պատճառով զոհերի համար, սակայն երկրի նավատորմի հատուկ ուժերի ծառայողներն իրենց կյանքն են պաշտպանել ակտիվիստների բռնի գործողություններից: Նեթանյահուն սակայն հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի բարելավել:
«Նյու Յորք Թայմս»-ի կողմից ՄԱԿ-ի հրապարակված զեկույցն «անընդունելի» է անվանել Իսրայելի ուժերի կողմից իրականացված գրոհի պատճառով զոհերի թիվը` նշելով, որ Իսրայելը «բավարար բացատրություն չի ներկայացրել» Թուրքիայի ինը քաղաքացու մահվան վերաբերյալ, որոնցից շատերի մարմնի վրա, ըստ զեկույցի, «հայտնաբերվել են բազմաթիվ, ներառյալ թիկունքի կողմից և մոտ տարածությունից կատարված կրակոցների հետքեր»:
ՄԱԿ-ի փորձագետների խումբը սակայն նշել է, որ թուրքական նավի ուղղությամբ գրոհ իրականացրած Իսրայելի հատուկ ուժերի ծառայողներն ուժ են գործադրել նաև ի պատասխան նավի որոշ ուղևորների կողմից ցուցաբերված «կազմակերպված և կատաղի դիմադրության»: