«Իսրայելի զինված ուժերի, «Մոսադ» հետախուզական գործակալության և «Շին Բեթ» ներքին անվտանգության ծառայության կայքերի աշխատանքը խաթարվել է տեխնիկական անսարքության, այլ ոչ թե համակարգչային հարձակման պատճառով»:
Այս հայտարարությամբ կիրակի օրը հանդես է եկել Իսրայելի կառավարությունը՝ ուժային կառույցների կայքերի աշխատանքի խաթարումից հետո, ինչը տեղի է ունեցել հաքերների «Անոնիմ» ընդհատակյա խմբավորման կողմից շաբաթ օրը «YouTube» կայքում հրապարակված հայտարարությունից հետո, որտեղ հաքերները սպառնացել են վրեժխնդիր լինել դեպի Գազայի գոտի ուղևորվող երկու նավի ընթացքը դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Իսրայելի պաշտպանության ուժերի ծառայողները բարձրացել են միջազգային ջրերում գտնվող պաղեստինամետ ակտիվիստների երկու նավերը, որոնք փորձել են ճեղքել Իսրայելի կողմից Գազայի գոտու նկատմամբ իրականացվող շրջափակումը:
Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակը հայտնել է, որ նավերի վրա բարձրանալու գործողություններն իրականացվել են կառավարության հրահանգի պահանջների համաձայն` դեպի Գազայի գոտի նավատորմի կազմում գտնվող նավերի ընթացքը դադարեցնելուց հետո:
Իսրայելի նավատորմը ուղեկցել է ակտիվիստների նավերը Աշդոդ նավահանգիստը, որտեղ ակտիվիստները փոխանցվել են ոստիկանությանը և ներգաղթի հարցերով զբաղվող պետական մարմիններին:
Ակտիվիստների խոսնակ Ֆելիս Գելմանը հայտնել էր «Ամերիկայի Ձայն»-ին, որ նավերը տեղափոխել են բժշկական նյութեր և պաղեստինցիների հետ համերաշխության մասին նամակներ:
27 ակտիվիստները, որոնց թվում կան նաև ԱՄՆ-ի, Կանադայի և Իռլանդիայի քաղաքացիներ, դեպի Գազայի գոտի էին մեկնել չորեքշաբթի օրը: Ակտիվիստներն ասել էին, թե իրենց առաքելությունն է` առաքել բժշկական օգնությունն անմիջապես Գազայի գոտի` ճեղքելով Իսրայելի կողմից իրականացվող շրջափակումը: