Իսրայելի հարավում համակարգված մի շարք հարձակումների զոհ է գնացել առնվազն վեց մարդ:
Երկրի պաշտոնատար անձանց համաձայն, մի քանի մեքենայի և ավտոբուսի ուղղությամբ հինգշաբթի օրն իրականացված` իրար գրեթե հաջորդող հարձակումները տեղի են ունեցել Եգիպտոսի հետ սահմանի մոտակայքում:
Պաշտոնական տվյալների համաձայն, հարձակման արդյունքում վնասվածքներ է ստացել 25 մարդ:
Իսրայելի զինված ուժերի վկայությամբ, հարձակումներից մեկի ժամանակ ահաբեկիչները կրակ են բացել Բեերշեբա քաղաքից դեպի Էյլաթ ուղևորվող ավտոբուսի ուղղությամբ, որն այդ պահին անցնում էր Եգիպտոսի սահմանի մոտակայքով ձգվող մայրուղու հատվածով:
Ահաբեկիչները կրակ են բացել նաև պարեկային ծառայություն իրականացնող զինծառայողների, ինչպես նաև մասնավոր մի մեքենայի ուղղությամբ:
Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն, այս գործողություններն իրականացվել են ահաբեկիչների կողմից, իսկ հարձակման նախապատրաստման կենտրոնը գտնում է «Համաս» խմբավորման կողմից վերահսկվող Գազայի գոտում: