Իսրայելի իշխանությունները ձերբակալել են «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության Քաբուլի գրասենյակի ղեկավարին, որը կատարում էր Հորդանանի արևմտյան ափին բնակվող իր ընտանիքի այցելությունը:
Հեռուստաընկերության համաձայն, Իսրայելը ձերբակալել է Սամեր Ալավիին օգոստոսի 10-ին, երբ վերջինս փորձել է անցնել Հորդանանի տարածք:
Ձերբակալվելուց առաջ Ալավին իր արձակուրդ էր անցկացնում պաղեստինյան Սեբաստիա բնակավայրում:
Լրագրողի ընտանիքը տեղեկացրել է «Ալ-Ջազիրա»-ին, որ Իսրայելի իշխանությունները հայտնել են, թե լրագրողի ձերբակալությունն իրականացվել է` «ելնելով անվտանգության նկատառումներից»:
«Լրագրողների պաշտպանության հանձնաժողով» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Ալավին ձերբակալվել է առանց որևէ հիմնավորման: Կազմակերպությունը պահանջել է Իսրայելից պարզաբանումներ ներկայացնել լրագրողին կալանքի տակ պահելու վերաբերյալ:
Իսրայելի իշխանություններն դեռևս որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության Քաբուլի գրասենյակի ղեկավար Սամեր Ալավին ունի Հորդանանի քաղաքացիություն: