Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հավանության է արժանացրել Արևելյան Երուսաղեմում 1 600 նոր տուն կառուցելու ծրագրին:
Նախարարության խոսնակը հինգշաբթի օրը հայտնել է, որ շուտով նախատեսվում է հավանության արժանացնել Արևելյան Երուսաղեմում ևս 2 700 տուն կառուցելու ծրագրին:
Իսրայելի նախարարության կողմից արված այս հայտարարությունից մեկ օր առաջ Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է արտահայտել Իսրայելի կողմից այս քաղաքում շարունակվող կառուցապատման աշխատանքներով: ԱՄՆ-ի համաձայն, կառուցապատման աշխատանքները խոչընդոտ են ստեղծում Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունները վերսկսելու հարցում:
Ներքին գործերի խոսնակի վկայությամբ, նոր բնակավայրեր կառուցելու մասին որոշումը չի ընդունվել քաղաքական նկատառումներով, այլ թելադրված է Իսրայելում ավելի մեծ թվով մատչելի բնակարաններ կառուցելու պահանջներով:
Պաղեստինցիների բանագնաց Սաեբ Էրաքաթը խիստ քննադատության է արժանացրել Իսրայելի կողմից հաստատված ծրագրերը և կոչ է արել Միացյալ Նահանգներին վերանայել իր ընդդիմությունը Միավորված Ազգերի Կազմակերպությանը պաղեստինցիների կողմից պետականություն ձեռք բերելու նպատակով դիմում ներկայացնելու հարցում:
Միացյալ Նահանգները և Իսրայելը նախկինում իրենց ընդդիմությունն են հայտնել պաղեստինցիների կողմից ՄԱԿ-ին նման առաջարկով դիմելու հարցում` պնդելով, որ սահմանների և հակամարտությանը վերաբերող այլ խնդիրները կարող են լուծվել միայն բանակցային ճանապարհով: