Թուրքիայի Տրապիզոնի քրեական դատարանը հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը կանխելու գործում անփութության մեղադրանքով ութ կասկածյալներից վեցի նկատմամբ ազատազրկման մասին վճիռ է կայացրել:
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, վեց ամսվա բանտարկության են դատապարտվել ժանդարմերիայի երկու սպա` Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Յոզն ու հետախուզական ստորաբաժանման տնօրեն, կապիտան Մեթին Յիլդիզը:
Նույն մեղադրանքներով չորս ամսվա ազատազրկման են դատապարտվել սերժանտական անձնակազմի չորս ծառայող:
Երկու այլ ծառայողի նկատմամբ դատարանը արդարացնող վճիռներ է կայացրել:
Հրանտ Դինքի ընտանիքի իրավաբանների համաձայն, Տրապիզոնում դատապարտված անձինք 2006 թվականի հուլիսից ի վեր տեղյակ են եղել լրագրողի սպանության դավադրության մասին, սակայն սպանությունը կանխելու համար անհրաժեշտ որևէ գործողության չեն դիմել: Իրավաբանների համաձայն, դա վկայում է Տրապիզոնում դատապարտված անձանց և Դինքի սպանության գործում կասկածյալների միջև եղած կապի մասին:
Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող անձանց դատավարությունը շարունակվում է Ստամբուլի քրեական բարձրագույն 14-րդ դատարանում: