Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողի հանցակցներից մեկին:
«Հուրիեթ» պարբերական փոխանցմամբ, դատավորները երեքշաբթի օրն անցկացված դատական նիստի ընթացքում Հասին Հայալին մեղավոր են ճանաչել Հրանտ Դինքի սպանությունը հրահրելու մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման:
Հայալից և գործով անցնող այլ անձանցից դատարանը սակայն հանել է ահաբեկչական կազմակերպության կարգադրությունները կատարելու մեղադրանքները:
Դատարանի այս որոշումն առաջացրել է փաստաբանների զայրույթը, որոնք պնդում են, որ դատավարությունը թերացել է կասկածյալների և պետական մարմինների որոշ ծառայողների միջև առկա կապերը պարզելու գործում:
Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն անցյալ տարվա հուլիսին դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման` կանխամտածված սպանություն իրագործելով մեղադրանքով:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող Յասին Հայալը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել է իրեն, և իր կյանք այժմ վտանգի տակ է:
Լրագրողի սպանության գործով դատական 24-րդ նիստի ընթացքում Յասին Հայալն ասել էր, թե բանտի պահակները սպառնացել են իրեն, և խնդրել, որ նրանք հարցաքննվեն:
«Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել է ինձ, իսկ այժմ ցանկանում է ազատվել ինձանից: Իմ կյանքին վտանգ է սպառնում, և եթե ինձ որևէ բան պատահի, ապա դրա համար պատասխանատվություն է կրում պետությունը», - դատարանում հայտարարել է Հայալը:
Բացի դրանից, Հայալը մեղադրել էր Հրանտ Դինքի սպանությամբ անցնող բազմաթիվ անձանց՝ Էրհան Թունչելից մինչև Ռամազան Աքյուրեկը, իր ֆինանսական ծանր դիրքից օգտվելու մեջ: