«Հայազգի լրագրող Հրանտ Դինքի 2007 թվականին իրականացված սպանության գործով դատավարությունը դեռ ավարտված չէ», - ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլա Էրգինը այսօր` լրագրողի սպանության գործով Ստամբուլի դատարանի կողմից վիճահարույց դատավճռի հրապարակումից մեկ օր անց։
«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, Էրգինը ասել է, թե դատավճռի բողոքարկման փուլը դեռ առջևում է, և ինքը կկարողանա մեկնաբանություններով հանդես գալ միայն դատական գործընթացի ավարտից հետո։
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընջը, իր հերթին, հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե ինքը «այն մարդկանց կողմից է, ում խիղճը անհանգիստ և չբավարված է մնացել»՝ Հրանտ Դինքի դատավճռի հետ կապված։
«Տեսանք, որ դատավճիռը չբավարարեց մարդկանց խիղճը, սակայն դրան արձագանքելու եղանակը գոռալը և աղաղակելը, կառավարությանը փնովելը և պետությանը մեղադրելը չէ», - հայտարարել է փոխվարչապետ Առընջը՝ հանդես գալով «TV8» հեռուստաընկերության հաղորդումներից մեկում:
Առինջը նաև վստահեցրել է, թե դատավարությունը ավարտված չէ, և դատախազը կարող է բողոքարկել դատավճիռը։