Նիդերլանդները սառեցրել է Իրանի հետ պաշտոնական բոլոր հարաբերությունները՝ որպես բողոք ծագումով իրանցի, Նիդերլանդների մի քաղաքացու կախաղան հանելու դեմ։
Այս հայտարարությամբ Նիդերլանդների իշխանությունները հանդես են եկել 45-ամյա Զահրա Բահրամիի մահապատիժն իրականացնելու մասին Իրանից ստացված հաղորդագրություններից մի քանի ժամ անց։
Իրանի լրատվամիջոցները հայտնել են, որ Բահրամին կախաղան է հանվել թմրամիջոցներ վաճառելու մեղադրանքով, սակայն ԱՄՆ-ից գործող «Միջազգային արշավ՝ հանուն Իրանում մարդու իրավունքների պաշտպանության» կազմակերպության համաձայն, Բահրամիի դուստրը հերքել է այս մեղադրանքը։
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը կատարվածը «բարբարոսական վարչակարգի արարք» է անվանել։ Նախարարության խոսնակի համաձայն, մահապատժի իրականացումը ցնցող է, քանի որ Նիդերլանդներում Իրանի դեսպան Ղարիբ Աբադին ուրբաթ օրը երկրի արտաքին գործերի նախարար Ուրի Ռոզենթալին հայտնել է, որ Բահրամիի գործով բողոքարկման հնարավորությունները դեռևս սպառված չեն։
Հաագայում Իրանի դեսպանությունը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանում ծնված Բահրամին, որը հետագայում Հոլանդիայի քաղաքացիություն է ընդունել, թմրանյութերի առևտրով զբաղվող միջազգային հանցախմբի անդամ է եղել։ Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանը երկքաղաքացիություն չի ճանաչում։
Բահրամիին Նիդերլանդների քաղաքացի չճանաչելու պատճառով, բանտարկության ընթացքում Նիդերլանդների դիվանագետների կողմից նրան այցելելու հնարավորություն չի ընձեռվել։