Աֆղանստանում հարյուրավոր մարդիկ մասնակցել են հակաիրանական ցույցի՝ բողոքելով Իրանից վառելիք ներմուծելու և Աֆղանստանի քաղաքացիներին Իրանում մահապատժի ենթարկելու դեմ։
Աֆղանստանցի առևտրականների մասնակցությամբ ցույցը երկրի Հերաթ քաղաքում Իրանի հյուպատոսության մոտ անց է կացվել կիրակի օրը։ Նման ցույցեր անցյալ շաբաթվա ընթացքում անցկացվել էին Քաբուլում։
Իրանն անցյալ ամսվանից սահմանափակել է վառելիքի առաքումն Աֆղանստան, ինչի արդյունքում սահմանի իրանական կողմում կուտակվել է վառելիքատար մոտ 2 000 մեքենա։
Աֆղանստանի առևտրի նախարարությունը կիրակի օրը հայտնել է, որ Իրանի իշխանությունները սահմանափակել են Աֆղանստան մտնող վառելիքատար մեքենաների թիվը՝ ամեն օր թույլ տալով վառելիք ներմուծել ընդամենը 40 վառելիքատար մեքենայի։
Վառելիքի ներմուծման սահմանափակումները ձմեռվա ցուրտ պայմաններում բերել են Աֆղանստանում նավթամթերքի գների կտրուկ աճի, քանի որ Աֆղանստանը վառելիքի մոտ 30 տոկոսը ներմուծում է Իրանից։
Աֆղանստանի առևտրի նախարարի համաձայն, Թեհրանը չի տվել վառելիքի ներմուծման սահմանափակումների որևէ համոզիչ հիմնավորում։
Աֆղանստանի բնակիչներն իրենց զայրույթն են արտահայտել նաև Իրանում հանցագործություններ կատարելու մեջ դատապարտված Աֆղանստանի քաղաքացիներին կախաղան հանելու փաստի նկատմամբ։