Համացանցի որոնման ոլորտում գործող «Google» ընկերության կայքը մայիս ամսվա ընթացքում գրանցել է նոր ռեկորդ. ընկերության տարբեր կայքեր է մայիս ամսվա ընթացքում այցելել մեկ միլիարդ մարդ։
Համացանցում այցելությունների թվի հաշվարկներ կատարող «ComScore» ընկերության համաձայն, առաջին անգամն է, երբ որևէ ընկերության կայք է մուտք գործել այսքան մեծ թվով այցելու։ Ի դեպ այս դեպքում չեն հաշվառվում նույն մարդու կողմից կայքի բազմաթիվ այցելությունները։
Այցելուների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ութ տոկոսով և գրեթե 100 միլիոնով ավելի է այցելուների թվով երկրորդ տեղը զբաղեցնող «Microsoft» ընկերության կայքերից։
«Ուրույն այցելուների» թվով երրորդ տեղը զբաղեցնում է «Facebook» կայքը, որը գրանցել է շուրջ 700 միլիոն այցելություն։
«Wall Street Journal» թերթի համաձայն սակայն, գովազդատուների համար գնալով ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն, թե որքան ժամանակ են այցելուները անցկացնում տվյալ ընկերության կայքում, այլ ոչ թե միայն կայքը դիտած անձանց թիվը։ Թերթի համաձայն, «Facebook»-ն այցելող անձինք ավելի երկար ժամանակ են ծախսում կայքում, ինչի արդյունքում մեծանում է նրանց կողմից այնտեղ տեղադրված գովազդը նկատելու հավանականությունը։