Վրաստանը մեղադրել է Ռուսաստանի զինուժին` մայրաքաղաք Թբիլիսիում և երկրի այլ վայրերում ռումբի պայթյուններ կազմակերպելու մեջ և հանդես է եկել վեց մարդու ձերբակալության մասին հայտարարությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարը երեքշաբթի օրը հայտնել է, որ անցյալ շաբաթվա վերջում ձերբակալվել է Վրաստանի վեց քաղաքացի, որոնք հավաքագրվել են Ռուսաստանի զինված ուժերի սպաներից մեկի կողմից` հարձակումներն իրականացնելու համար:
Ռուս սպան, ըստ նախարարության ենթադրությունների, շանտաժ էր գործադրում որպես Վրաստանի բանակի նախկին սպա նկարագրվող գլխավոր կասկածյալի նկատմամբ` սպառնալով վնաս պատճառել կասկածյալի ընտանիքին` իր հետ համագործակցելուց հրաժարվելու դեպքում:
Վրաստանում սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հրապարակվել են ռումբի մի շարք պայթյունների մասին հաղորդագրություններ: Վերջին հարձակումը տեղի էր ունեցել Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցության գլխավոր գրասենյակի մոտակայքում նոյեմբերի 28-ին` պատճառ դառնալով մեկ կնոջ մահվան:
Նախորդ պայթյունների հետևանքով մարդկային զոհերի մասին հաղորդագրություն չկա:
Պայթյուններից առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 22-ին` Վրաստանի մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում: