2008 թվականին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ռուսաստանի և Վրաստանի միջև մեկնարկած կարճատև պատերազմից հետո այս երկու պետությունների միջև հարաբերությունները մնում են սառեցված:
Հակամարտությունը մեկնարկել էր, երբ Վրաստանի զինուժը փորձել էր վերահսկողություն վերահաստատել Մոսկվայի կողմից աջակցություն ստացող Հարավային Օսիայի նկատմամբ, սակայն ջախջախիչ պարտություն է կրել Ռուսաստանի զորամիավորումների կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով:
Պատերազմի արդյունքում Վրաստանն ընդհանրապես կորցրել է վերահսկողությունը ինչպես Հարավային Օսիայի, այնպես էլ Աբխազիայի նկատմամբ: Ռուսաստանը գնալով ամրապնդել է ռազմական ներկայությունը Հարավային Օսիայում և Աբխազիայում, ապա ճանաչել դրանց անկախությունը, որը, սակայն, ճանաչվել է աշխարհում ընդամենը երեք այլ պետության կողմից:
«Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկուշաբթի օրը ծաղկեպսակ է դրել պատերազմում զոհված վրաց զինծառայողներին գերեզմանին:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրն այցելել է ռուս-վրացական պատերազմում մասնակցած զորամիավորումը` գովասանքի խոսքեր ուղղելով 2008 թվականի օգոստոսին «ագրեսորի» զորքերը կանգնեցրած զինծառայողներին:
«ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, երկուշաբթի օրը Հարավային Կորեայի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում «անդաստիարակ անոմալի և պաթոլոգիա» է անվանել Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին` հավելելով, որ Ռուսաստանն առանձնացնում է վրաց ժողովրդին «այդ կերպարից» և պատրաստ է Վրաստանի հետ զարգացնել փոխադարձ շահավետ հարաբերություններ:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի և Վրաստանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Մեդվեդևն ասել էր, թե «երբեք չի ներելու» Սահակաշվիլիին 2008 թվականի օգոստոսի 8-ին ռուս խաղաղապահների մահվան համար: Նա ասել է նաև, որ սատարում է Վրաստանի նախագահին միջազգային դատարանի առջև կանգնեցնելու գաղափարը: