Եգիպտոսի իշխանությունները ազատ են արձակել պաշտոնից հեռացված նախագահ Հոսնի Մուբարաքի կնոջը, 3.4 միլիոն դոլարի երաշխավորագիր եւ Կահիրեի մի առանձնատուն իշխանություններին հանձնելու պայմանով։
Սյուզան Մուբարաքը մեղադրվում է կոռուպցիայի մեջ եւ կասկածվում՝ իր ամուսնու ազդեցությունը անձնական շահերի նպատակով օգտագործելու մեջ։
Պրն. Մուբարաքի արգելափակումը շարունակվում է՝ հանրային հիմնադրամների զեղծարարության եւ հակակառավարական ցուցարարներին սպանելու մեղադրանքով։ Եգիպտոսի իշխանությունները հերքել են պրն. Մուբարաքին ներում շնորհելու մասին մամուլի հաղորդագրությունները։ Զինված ուժերի Գերագույն խորհուրդը հայտարարել է, թե չի միջամտում երկրի դատական գործերին։
Մուբարաքն ու իր կինը հիվանդանոց էին փոխադրվել Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ էլ Շեյխ ամառանոցից։ Նախկին նախագահը հիվանդանոց էր տարվել ապրիլ ամսում, սրտային խնդիրների պատճառով։ Տիկին Մուբարաքը՝ անցյալ ուրբաթ օրը, կրծքավանդակում առաջացած ցավերի հետեւանքով։