Չինաստանը զգուշացրել է Վիետնամին, որ Պեկինը «կգործադրի անհրաժեշտ բոլոր, ներառյալ՝ ռազմական միջոցներ»՝ երկրի շահերը Հարավ-Չինական ծովում պաշտպանելու համար։
«The Global Times» պետական օրաթերթում երեքշաբթի օրը հրապարակված խմբագրականը Վիետնամին մինչ օրս ուղղված ամենախիստ նախազգուշացումն է, որն արվել է ենթադրաբար նավթով և գազով հարուստ տարածքների շուրջ հետզհետե աճող լարվածության պայմաններում։
Թերթի խմբագրականում ասված է, որ եթե Սփրաթլի կղզիների շղթայի վերաբերյալ վեճը հնարավոր չլինի կարգավորել խաղաղ եղանակով, ապա Պեկինը ստիպված կլինի կիրառել ծովային ոստիկանության և ռազմածովային ուժեր՝ իր շահերը պաշտպանելու համար։
ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄըքՔեյնը Վաշինգտոնում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է օժանդակություն տրամադրի Հարավարևելյան Ասիայի ժողովուրդներին՝ նրանց ռազմածովային ուժերը զարգացնելու գործում, որպեսզի վերջիններս Հարավ-Չինական ծովում կարողանան հակադրվել Չինաստանի «անհիմն» պահանջներին։
ՄըքՔեյնը, հանդես գալով երկուշաբթի ուշ երեկոյան, ասել է, թե իրեն անհանգստացնում են Չինաստանի գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող ծովային գործողությունները՝ հատկապես Հարավասիական երկրների ընկերակցության անդամներին պատկանող ջրային տարածքում։