Չինաստանի ժողովրդական բանկի կողմից հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, երկրի արտարժութային պաշարները մարտ ամսվա վերջի տվյալներով հասել են 3 տրիլիոն դոլարի:
Չինաստանն ունի աշխարհում արտարժույթների ամենամեծ պաշարը:
Ժողովրդական բանկը հայտնել է նաև, որ մարտ ամսվա ընթացքում տրվել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վարկ, իսկ փողի զանգվածը նախորդ տարվա համեմատ ավելացել է 16,6 տոկոսով:
Արտաքին առևտրի մեծ ավելցուկը թույլ է տվել Չինաստանին կուտակել արտարժույթի հսկայական պաշար, սակայն քաղաքականության մշակմամբ զբաղվող մասնագետները մտահոգված են, որ դրամի չափազանց մեծ ներհոսքը կարող է բերել կտրուկ գնաճի, որը մարտ ամսին արդեն իսկ կազմել է տարեկան 5,4 տոկոս` հասնելով երկու տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշի:
Չինաստանի կենտրոնական բանկը, փորձելով նվազեցնել վարկերի ծավալները և երկրի տնտեսությունում կատարվող ներդրումները, անցյալ տարվա հոկտեմբերից չորս անգամ բարձրացրել է տոկոսադրույքը, ինչպես նաև բանկերի կողմից պարտադիր պահուստում պահվող գումարի չափը: