Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օրենսդիրների կողմից չինական արժույթի արժեքը հարկադրաբար ավելացնելուն ուղղված միջոցները կարող են խիստ ազդեցություն ունենալ երկկողմանի հարաբերությունների վրա:
Չինաստանի արտաքին գործերի խոսնակի կողմից հինգշաբթի օրն արված մեկնաբանություններն արվել են ի պատասխան մեկ օր առաջ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրենքի նախագծի, որը մաքսատուրքեր է սահմանում դրամի արժեքն արհեստականորեն ցածր պահող երկրներից ներմուծվող ապրանքների համար:
ԱՄՆ-ի օրենսդիրները և գործարարները մեղադրում են Պեկինին յուանի փոխարժեքն արհեստականորեն ցածր պահելու մեջ, ինչը համաշխարհային շուկայում Չինաստանում արտադրված ապրանքներին տալիս է գնային առավելություն: Նրանց համաձայն, յուանի հետ կատարվող մեքենայությունները բերել են ԱՄՆ-ի արդյունաբերության ոլորտում միլիոնավոր աշխատատեղերի կորստի:
Չինաստանում ԱՄՆ-ի առևտրային պալատը համամիտ է Չինաստանի կառավարության կողմից օրենքի նախագծի քննադատության հետ` հայտարարելով, որ օրենքի նախագծի ընդունումը «չի օգնելու ԱՄՆ-ում աշխատատեղերի նշանակալի քանակի ստեղծմանը» և նույնիսկ կարող է բերել ԱՄՆ-ում արտահանվող ապրանքների արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի քանակի նվազեցմանը: