Մատչելի հղումներ

 
Հրետանային ուժեղ կրակ Սիրիայում՝ Ռասթան քաղաքի ուղղությամբ

Հրետանային ուժեղ կրակ Սիրիայում՝ Ռասթան քաղաքի ուղղությամբ


Սիրիայի ակտիվիստների համաձայն, երկրի զինված ուժերը հրետանային ուժեղ կրակ են արձակել ընդդիմության հենակետ Ռասթան քաղաքի ուղղությամբ, իսկ երկրում հակակառավարական խռովությունների զոհ է գնացել վեց մարդ:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Ռասթան քաղաքի ուղղությամբ հրետանային հուժկու կրակ է բացվել չորեքշաբթի վաղ առավոտյան:

Մեծ Բրիտանիայից իր գործողությունն իրականացնող այս կազմակերպությունը հայտնել է, նաև, որ Դամասկոսի մոտակայքում որոտացած պայթյունների պատճառով զոհվել է երեք մարդ: Եվս երեք մարդ զոհվել է երկրի այլ մասերում հակակառավարական բողոքների հետ կապված բռնությունների պատճառով:

Այս ընթացքում Լիբանանում մեծ ազդեցություն ունեցող զինյալների «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդը հորդորել է բնակչությանը պահպանել հանգստություն դեպի Սիրիա ուղևորվող ուխտագնացների խմբի 11 մասնակիցների առևանգումից հետո:

Լիբանաnին հեռուստատեսությամբ երեքշաբթի օրը հեռարձակված ուղերձում շեյխ Հասան Նասրալան հորդորել է բնակչությանը զսպվածություն ցուցաբերել՝ ասելով, որ երկրի իշխանություններն աշխատում են Սիրիայի պաշտոնյաների հետ՝ հարցին արագ լուծում գտնելու ուղղությամբ:

Որոշ հաղորդագրությունների համաձայն, ուխտագնացների առևանգումն իրականացրած անձինք ներկայացել են որպես ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի անդամներ: Սիրիայի Ազատ բանակը սակայն հերքեl է նման գործողություն իրականացնելու մասին լուրերը:

XS
SM
MD
LG