Մատչելի հղումներ

Բողոքի ցույցեր Սիրիայում՝ կառավարական ուժերի կողմից իրականացված սպանությունների պատճառով


Սիրիայի ակտիվիստներն ուրբաթ օրը դուրս են եկել փողոց՝ մեղադրելով կառավարական ուժերը հինգ զոհի պատճառը դարձած նոր հարձակումներ իրականացնելու մեջ:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ կառավարական ուժերի կողմից Համա շրջանում ուրբաթ օրը գնդակահարվել է չորս մարդ, ևս մեկ մարդ սպանվել է Դերաա հարավային նահանգում:

Երկրում շարունակվող բախումները դժվարացնում են ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի միջնորդությամբ վեց շաբաթ առաջ զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության պահպանումը: Երկրում գործում է ՄԱԿ-ի մի քանի հարյուր դիտորդ, սակայն նրանց աշխատանքն ըստ էության չի նպաստում ապստամբների և կառավարական ուժերի միջև բախումների հանդարտեցման:

Քոֆի Անանի խոսնակի համաձայն, ՄԱԿ-ի հանձնակատարը «շուտով» կրկին կայցելի Սիրիա:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի մի խումբ մասնագետների կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, այս տարվա մարտ ամսին զինադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու ժամանակից մարդու իրավունքների լուրջ խախտումներ են իրականացնել ինչպես Սիրիայի կառավարությունը, այնպես էր երկրում գործող զինված ապստամբները:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի զեկույցի համաձայն, մարդու իրավունքների խախտումների հիմնական մասն իրականացվել է Սիրիայի բանակի և անվտանգության ուժերի կողմից, սակայն, ըստ մասնագետների, նման գործողությունների կատարելու համար պատասխանատվության մի մասն ընկնում է նաև ընդդիմության ուժերի վրա:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովը ստեղծվել է անցյալ տարի՝ հետաքննելու այլախոհների դեմ Սիրիայի կառավարության կողմից բռնություններ գործադրելուց հետո երկրում ծավալված խռովությունները:

Հանձնաժողովի զեկույցի համաձայն, կառավարական ուժերի կողմից մարդու իրավունքների հիմնական մասը կատարվել է դասալքության դիմած զինծառայողների և «հակակառավարական զինված խմբավորումների կողմնակիցը համարվող անձանց» որոնման գործողությունների ընթացքում: Մասնագետների համաձայն, կառավարական ստորաբաժանումները մահացու ուժ են գործադրել Հոմս, Հալեպ, Համա և Դամասկոս, ինչպես նաև երկրի այլ շրջաններում:

Զեկույցում նշվել է նաև, որ հակակառավարական խմբավորումներն իրենց հերթին իրականացրել են կառավարական ուժերի ծառայողների, ինչպես նաև կառավարությանը սատարելու մեջ մեղադրված անձանց սպանությունները:

XS
SM
MD
LG