Մատչելի հղումներ

 
«Իսլամական պետության» դեմ պայքարը բարդացնում է Սիրիան միավորելու ջանքերը

«Իսլամական պետության» դեմ պայքարը բարդացնում է Սիրիան միավորելու ջանքերը


Սիրիայում գործող քրդական ուժերի մարտիկը՝ ամերիկյան ռազմուժի հենակետի մոտ։ Մանբիջ, Սիրիա, ապրիլի 4, 2018թ․։
Սիրիայում գործող քրդական ուժերի մարտիկը՝ ամերիկյան ռազմուժի հենակետի մոտ։ Մանբիջ, Սիրիա, ապրիլի 4, 2018թ․։

ԱՄՆ աջակցությունը վայելող Սիրիայի քրդական ուժերի խոսքով՝ նպատակ ունեն «գործընկերության» շուրջ բանակցել երկրի կենտրոնական կառավարության հետ։

Թերևս, բազմաթիվ սիրիացիներ կցանկանան տեսնել, որ երկրի արևելքում իշխանություն ունեցող քրդական ուժերը, որոնք վայելում են ԱՄՆ աջակցությունը, վայր են դնում զենքը կամ միանում են վերակազմավորվող սիրիական բանակին: Սակայն քուրդ առաջնորդներն ասում են, որ իրենք դեռ մարտնչում են երկու ճակատով և ցանկանում են «գործընկերության» շուրջ բանակցել Սիրիայի նոր ղեկավարության հետ:

Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական զորամիավորումների՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» խնդիրներից է «Իսլամական պետության» գրոհայինների հայտնաբերումն ու ձերբակալումը:

Մյուս կողմից, անցած տարվա վերջերից՝ Բաշար ալ-Ասադի ռեժմի տապալումից հետո, սրվել է պայքարը քրդական ուժերի ու Թուրքիայի աջակցությունը վայելող կազմավորումների միջև։

Այդ կազմավորումները՝ «Սիրիական ազգային բանակը», կարողացան գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Մանբիջ քաղաքը՝ սիրիա-թուրքական սահմանից ոչ հեռու։

Այժմ երկու կողմն էլ պայքարում են մոտակայքում գտնվող և կարևոր համարվող ամբարտակի համար: Քրդական ուժերն ասում են, թե այդ մարտերը խանգարում են «Իսլամական պետության» դեմ պայքարին:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցի ժամանակ քրդական ուժերի ներկայացուցիչները հանդես էին գալիս կեղծանուններով՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Խնդիրը թուրքական անօդաչուների և [նրանց կողմից իրականացվող] հետախուզության մեջ է: Ինչպես գիտեք, նրանք շատ տեղերում գրոհում են մեր ուղղությամբ, և այդ հանգամանքը «Իսլամական պետության» զինյալներին ավելի ազատ և հեշտ տեղաշարժվելու հնարավորություն է տալիս»,- ասում է Հավալ Գևարան։

Թուրքիայի ու Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ահմեդ ալ-Շարաան։ Անկարա, փետրվարի 4, 2025թ․։
Թուրքիայի ու Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ահմեդ ալ-Շարաան։ Անկարա, փետրվարի 4, 2025թ․։

Թուրքիան Սիրիայում առկա քրդական ուժերը դիտարկում է որպես Անկարայի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման՝ PKK-ի մաս։

Մյուս կողմից, և՛ Թուրքիան, և՛ նրա աջակցությունը վայելող սիրիական կազմավորումները հանդիսանում են Դամասկոսի նոր կառավարության դաշնակիցները, որը փորձում է համախմբել երկիրը և ստեղծել ազգային բանակ:

Այս փետրվարին տեսակապի միջոցով հանդես գալով Վաշինգտոնում գործող լրագրողների առջև «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գեներալ Մազլում Աբդին հայտարարեց, թեր իրենք ցանկանում են միանալ սիրիական կենտրոնական կառավարությանն ու բանակին, սակայն նրանց չեն ընդգրկել ազգային երկխոսության մեջ:

«Մտադիր չենք ընդդիմություն լինել Սիրիայի նոր իշխանությանը։ Ընդհակառակը, անհամբեր սպասում ենք գործընկեր [հարաբերությունների մեկնարկին] և մասնակցելու Սիրիայի նոր պետության կառուցմանը»,- ասել է գեներալ Մազլում Աբդի։

Աբդիի խոսքով՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» «չեն կարող մնալ այնպիսին, ինչպիսին, որ կան», բայց նա խուսափեց հստակեցնել՝ արդյո՞ք պատրաստ են զիջել իրենց տարածքների նկատմամբ վերահսկողությունը կամ հրաժարվել զենքից:

Միացյալ Նահանգները, որն, ինչպես ասացինք, աջակցում է Սիրիայի քրդական ուժերին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, նախորդ ամիսներին չէր բացառել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերելը: Սակայն քուրդ գեներալի ներկայացմամբ՝ ԱՄՆ ռազմուժը կարևոր դեր է խաղում «Իսլամական պետությանը» զսպելու և Թուրքիայի հետ բանակցություններ վարելու գործում:

Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում՝ քրդական ուժերի վերևահսկողության ներքո գործում են բազմաթիվ բանտեր, ուր ճաղերի հետևում են տարբեր երկրներում ձերբակալված իսլամիստ ահաբեկիչները:

Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ալ-Հասաքա քաղաքի մատույցներում գտնվող ռազմաբազայում, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում YPJ-ի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կանացի ստորաբաժանումների ներկայացուցիչները ասում են, թե իրենց նպատակն է կանխել համապարփակ պատերազմը Սիրիայում:

««Իսլամական պետության» որոշ գրոհայիններ փախչում են գյուղեր: Նրանք ցանկանում են այստեղ հերթական քաղաքացիական պատերազմը հրահրել»,- նշում է YPJ-ի հրամանատար Հավալ Սնարինը։

Անցած տարվա դեկտեմբերին՝ սիրիական կենտորնական կառավարության փլուզումից հետո ԱՄՆ զինուժը հարվածներ հասցրեց Սիրիայում գործող «Իսլամական պետության» 75 օբյեկտներին՝ թույլ չտալու խմբավորմանը օգտվել իշխանության վակուումից և նման կերպ ուղերձ հղելով իսլամիստների հնարավոր դաշնակիցներին:

Սակայն դիտորդները նկատում են՝ անցած տարվա ընթացքում Սիրիայում «Իսլամական պետության» հարձակումները գրեթե եռապատկվել են:

XS
SM
MD
LG