Script Ավելի քան կես դար իսրայելական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Գոլանի բարձունքներին հարակից Սիրիայի Ալ-Քունեյտրա նահանգի վարչական կենտրոնի՝ Ալ-Բաաթ քաղաքի հայտնի պուրակներից մեկն այլևս դատարկ է. երեխաների ձայնը չի լսվում։
Անցած տարվա դեկտեմբերին, երբ Բաշար ալ-Ասադի ռեժիմը տապալվեց, իսրայելական ուժերը մտան քաղաք: Այժմ իսրայելական զինուժի «Մերկավա» տանկը կայանած է դատարկ ճոճանակներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Իսրայելական ուժերը վերահսկողության տակ են վերցրել այն տարածքը, որն առանձնացված էր որպես բուֆերային գոտի՝ Գոլանի բարձունքների և Սիրիայի մյուս տարածքների միջև։ Գոտին հիմնվել է 1974 թվականի զինադադարի համաձայն, որն էլ վերջ դրեց երկու երկրների միջև բռնկված հերթական պատերազմին:
Իսրայելական տանկերը, զինվորականները, ռազմական անցակետերն ու դիրքերն այժմ այն գոտում են, որը պաշտոնապես պետք է գտնվեր ՄԱԿ-ի վերահսկողության ներքո։
Բիլալ Սլեյմանը գլխավորում է Ալ-Բաաթի քաղաքային խորհուրդը:
«Ոչինչ չի խանգարում իսրայելցիներին մտնել քաղաք: Նրանք խախտում են 1974 թվականի պայմանագրերը, իսկ տանկերն անգամ քաղաքապետարանի շենք են հասել»,- ասում է նա։
Սլեյմանը բացատրում է, որ Ալ-Բաաթի շրջակայքի գյուղերի մեծ մասը գրավել են իսրայելական ուժերը դեռ անցած տարվա դեկտեմբերի 8-ին: Սկսել են խուզարկել տներն ու հասարակական շենքերը՝ զենք գտնելու համար:
Իսրայելի ներկայացմամբ՝ օկուպացիան ժամանակավոր է։ Բայց տեղի բնակիչները մտահոգ են, որ այն կարող է երկար տևել:
Այդ տարածքում ապրողներից շատերն անցյալում տեղահանվել են Գոլանի բարձունքներից, որոնք անցան Իսրայելի վերահսկողության ներքո 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո բռնակցվեցին:
Տեղահանվածներից է Սիվանը՝ թոշակառու ուսուցչուհին, ով հրաժարվեց հայտնել իր ամբողջական անունը, ասում է. «Չեմ հավատում, որ խոսքը զենքի մասին է։ Կա ավելի լայն, երկարաժամկետ նպատակ։ Նրանք ցանկանում են ավելի շատ հողեր գրավել։ Գոլանը հարուստ է ջրային ռեսուրսներով և պարարտ հողով։ Նրանք ուզում են տեր դառնալ դրան»։
Նրանք, ովքեր փորձել են բողոքել օկուպացիայի դեմ, ասում են, որ իսրայելական զորքերը ուժ են կիրառել. առնվազն մեկ մարդ գնդակահարվել է։ Շատերը պնդում են, որ ծեծի են ենթարկվել կամ ձերբակալվել։
«Ամերիկայի ձայնը» դիմել է Իսրայելի պաշտպանության բանակին՝ մեկնաբանությունների համար, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Ալ-Բաաթում գործող իրավաբան Մուհամմեդ Ֆայադն ասում է, որ իսրայելցի զինվորները հարձակվել են իր վրա և առևանգել իրեն, երբ մի քանի շաբաթ առաջ ֆրանսիացի լրագրողի հետ այցելել էր մոտակա գյուղ:
«Ինձ տապալեցին ինքնաձիգի հարվածով։ Կապել էին աչքերս և ձեռքերս, որպեսզի չկարողանամ դիմադրել։ Անընդհատ ասում էին, որ շուտով կազատվենք։ Այդ առևանգումն տեղի է ունեցել երեխաների և այլ քաղաքացիական անձանց աչքի առաջ»,- պատմում է նա։
Իսրայելի կառավարությունն ասում է, թե ծրագրում է պահպանել այն, ինչ վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվանում է «ժամանակավոր պաշտպանական դիրք», և որ իսրայելական ուժերը կմնան Սիրիայում այնքան ժամանակ, մինչև կստեղծվի նոր, մշտական կառավարություն։
Սիրիայի անցումային կառավարությունը պահանջում է դուրս բերել իսրայելական ուժերը։ Նման կոչով է հանդես եկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: