Catoctin Creek Distilling Company ընկերությունում աշխատանքն ընթացքի մեջ է։ Կարելի է նորաթուխ հացի բույր առնել:
«Ի սկզբանե օգտագործվում էր աշորա՝ տարեկան։ Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց»,- ասում է Բեքի Հարիսը՝ Catoctin Creek Distilling Company-ի ղեկավարը։
Բեքին ու Սքոր Հարիսները թորում են տարեկանի վիսկի։
Տարեկանի սպիրտները Վիրջինիայում հնացնում էին հարյուրավոր տարիներ առաջ՝ մինչ ԱՄՆ առաջին նախագահ Ջորդ Վաշինգտոնի կողմից օտարերկրյա ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի կիրառումը:
Այժմ՝ նոր մաքսատուրքեր են սահմանվել երկրի գործող նախագահի օրոք, որոնք խոչընդոտ են այս ընկերության առջև՝ տարեկանի վիսկին արտասահմանում վաճառելու համար:
«25% Կանադայի նկատմամբ, 25%՝ Մեքսիկայի»,- ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։։
«Սա էապես դժվարացնում է արտահանումը։ Այդպես չէ՞: Որովհետև յուրաքանչյուր ոք, ով գնում է իմ արտադրանքը, պետք է վճարի այդ մաքսատուրքը, իսկ դա նրանք չեն անի»,- ասում է Catoctin Creek Distilling Company-ի ղեկավար Բեքի Հարիսը:
«Բարձր մաքսատուրքերն ազդում են ոչ միայն Մեքսիկայում ու Կանադայում վաճառքի վրա, այլև հումքի վրա, օրինակ՝ այս ապակե շշերի, չնայած դրանք արտադրվում են Ամերիկայում»,- ասում է Վիրջինիա այցելած «Ամերիկայի ձայնի» թղթակից Քերոլին Պրեսուտտին:
«Ապակե շշեր արտադրող ամերիկյան մի ձեռնարկություն գտանք …»,- ասում է Սքոթ Հարիսը։
Խմիչքներ արտադրող խոշոր ընկերությունները, սովորաբար գնում են մեքսիկական և չինական արտադրության շշեր, սակայն անցած տարի կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո նրանք անցան ամերիկյան արտադրանքին:
«Առաջիկա երկու ամսվա ընթացքում մեզ մոտ ամերիկյան շշերի քանակը կսպառվի և ստիպված ենք լինելու ավելի թանկ գնով պատվիրել օտարերկրյա շշեր՝ [վիսկիի] արտադրությունը չկանգնեցնելու համար»,- շարունակում է Բեքի Հարիսը:
Հարիսների ծրագրված ընդլայնումը դեպի Մեքսիկա ու Կանադա այլևս հարցականի տակ է, և, օրինակ, Կանադայում՝ տեղի խանութների դարակներից հեռանցնում են իրենց տարեկանի վիսկին և ամերիկյան արտադրության այլ խմիչքները:
«Մենք Ֆրանսիայից պատվեր ստանալու գործընթացի մեջ էինք, և ֆրանսիացի դիստրիբյուտորը մեզ ասաց, որ եկեք հրաժարվենք, հիմա լավ ժամանակ չէ ամերիկյան ապրանքներն վաճառելու համար»,- ասում է Սքոթ Հարիսը:
Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկյան բարձր մաքսատուրքերը կդրդեն օտարեկրյա ղեկավարներին ջանքեր գործադրել դեպի ԱՄՆ անօրինական միգրանտների ու ապօրինի թմրանյութերի հոսքը կասեցնելու նպատակով:
«Մեզ պետք է, որ Մեքսիկան և Կանադան անեն շատ ավելին, քան արել են, և նրանք պետք է դադարեցնեն ֆենտանիլն ու թմրանյութերի [հոսքը], որոնք ուղղվում են դեպի ԱՄՆ: Նրանք պատրաստվում են դադարեցնել այն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Տեսնենք, թե ինչ են ասում նախագահի կողմնակիցները։
«Սակագները, կարծում եմ, անհրաժեշտ են՝ լծակներ ունենալու համար։ Լա՞վ: Եվ որպեսզի ամեն ինչ արդար լինի, խոսքը այն մասին է, որ մենք ապրանքներ ենք գնում այլ երկրներից, իսկ այլ երկրներ՝ մեզնից են գնում»,- ասում է Մայքլ Բերնաքին, ով քվեարկել է Թրամփի օգտին:
Ամերիկյան խոշոր բիզնեսը ևս, կարծես, համաձայն չէ, նախագահ Թրամփի առաջարկած մաքսատուրքերի հետ։ Ուոլ Սթրիթում երկու օր անկում էր։
«Հույս կա, որ արժեթղթերի շուկայում անկումը կստիպի վարչակազմին հետ կանգնել այս առևտրային քաղաքականությունից, որովհետև առևտրային պատերազմները լավ տարբերակ չեն»,- ասում է American Enterprise Institute-ի ներկայացուցիչ Դեսմոնդ Լաչմանը:
Եթե բարձր մաքսատուրքերի քաղաքականությունը շարունակվի, ապա ըստ Լաչմանի, այն կհանգեցնի պատասխան քայլերի և նման կերպ՝ բացասական ցիկլը կշարունակվի։