Մատչելի հղումներ

«Ամերիկան վերադարձել է». նախագահ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջև՝ սատար կանգնելով իր վարչակազմի ձեռնարկած քայլերին՝ ուղղված բյուրոկրատիան կրճատելուն, երկրի սահմաններն ամրապնդելուն, Ամերիկայի առևտրային գործընկերների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելուն և այլն:

Իր երկրորդ նախագահության շրջանի առաջին ելույթը Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց` հայտարարելով, որ «Ամերիկան վերադարձել է», որին անմիջապես հաջորդեց հանրապետական օրենսդիրների բուռն արձագանքը` «ԱՄՆ-ԱՄՆ» վանկարկումներով։

«Վեց շաբաթ առաջ կանգնեցի այս Կապիտոլիումի գմբեթի տակ և հռչակեցի Ամերիկայի ոսկե դարի արշալույսը: Այդ պահից սկսած դա ոչ այլ ինչ էր, քան արագ և անողոք գործողություն՝ մեր երկրի պատմության ամենամեծ և ամենահաջող դարաշրջանը սկսելու համար», - հայտարարել է Թրամփը:

Դոնալդ Թրամփի խոսքով` իր վարչակազմը «43 օրվա ընթացքում ավելիին է հասել, քան վարչակազմերի մեծ մասը չորս կամ ութ տարվա ընթացքում, և դեռ նոր ենք սկսում»։

Նշենք` մինչ օրս նա ստորագրել է 76 գործադիր հրաման, որոնցից մի քանիսը վիճարկվում են դատարանում։

Եթե Սպիտակ տան ղեկավարի ելույթն ուղեկցվում էր հանրապետականների պարբերական օվացիաներով, ապա դեմոկրատների շարքերից լսվողը քննադատությունն էր և բողոքը։

Թրամփի ելույթից ընդամենը րոպեներ անց նրան ընդհատեցին՝ բղավելով Ներկայացուցիչների տան դահլիճից, ինչը դրդեց Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնին կարգադրել սերժանտին՝ հեռացնել Տեխասից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինին:

Թրամփը շարունակեց իր ելույթը, երբ Գրինը հեռացվեց պալատից։

ԱՄՆ նախագահը թվարկեց իր մի քանի գործադիր հրամաններ, ներառյալ այն, ըստ որի արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավային սահմանին և տեղակայել զինվորական ու սահմանապահ ուժեր` «երկիր ներխուժումը հետ մղելու համար»:

Սպիտակ տան ղեկավարը հիշեցրեց, որ անհապաղ սառեցրել է դաշնային բոլոր կառույցներում աշխատանքի ընդունումը` պաշտոնամուտից ի վեր կասեցրել օտարերկրյա օգնությունը։

Թրամփը հատուկ կանգ առավ այս երեքշաբթի Չինաստանի և ԱՄՆ հարևաններ՝ Մեքսիկայի ու Կանադայի նկատմամբ սահմանված խիստ մաքսատուրքերի վրա։ Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների այս երեք առաջատար առևտրային գործընկերները հանդես են եկել պատասխան գործողություններով կամ նմանօրինակ քայլերի դիմելու սպառնալիքով, և նոր առևտրային պատերազմի վախն ուղղակի անկում առաջացրեց ամերիկյան ֆոնդային բորսաներում։

Արձագանքելով` Թրամփը ասաց, թե «մի փոքր անհանգստություն կլինի, բայց մենք լավ ենք դրանում: [Այն] շատ չի լինի»։

Այս շաբաթվա սկզբին Թրամփը դադարեցրեց ռազմական օգնությունն Ուկրաինային` նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ անցած ուրբաթ Սպիտակ տանը կայացած աղմկահարույց հանդիպումից հետո, որի հետևանքով, ինչպես հայտնի է, կողմերն այդպես էլ չստորագրեցին ուկրաինական հազվագյուտ հանածոների մասին պատրաստի համաձայնագիրը, ինչն Վաշինգտոնին իրավունք է շնորհում այդ հանքերի նկատմամբ։

Այնուհետև Թրամփն ընթերցեց իրեն ուղղված Զելենսկու նամակը, ուր վերջինս հայտարարում է, թե երախտապարտ է ԱՄՆ-ին օգնության համար և պատրաստ է խաղաղության շորջ քննարկումներին:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց. «Միաժամանակ մենք լուրջ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի հետ և ուժեղ ազդանշաններ ենք ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության»։

Դեմոկրատների պատասխանը ներկայացնելիս` Միչիգանից ընտրված սենատոր Էլիսա Սլոտկինը հիշատակեց Թրամփի թեժ բանավեճը Զելենսկու հետ, ասելով. «Օվալաձև աշխատասենյակի այդ տեսարանը պարզապես ռեալիթի հեռուստատեսության վատ դրվագ չէր: Այն ամփոփում էր Թրամփի ողջ մոտեցումն աշխարհին: Նա հավատում է Վլադիմիր Պուտինի նման բռնապետերի հետ շփվելուն և կանադացիների պես մեր գործընկերներին հարվածելուն»:

Դեմոկրատների մի մասն էլ Թրամփի հայտարարությունների ու քաղաքականության նկատմամբ բողոքը արտահայտում էին վարդագույն հագած՝ ընդգծելով, թե Թրամփի վարչակազմի քայլերը բացասաբար են ազդում կանանց և ընտանիքների վրա։ Ընդդիմադիրների ձեռքերին պաստառներ էին, այդ թվում՝ «Մասկը գողանում է» գրությամբ։ Դեմոկրատները նկատի ունեին միլիարդատեր Իլոն Մասկի՝ դաշնային բյուրոկրատիան կրճատելու ջանքերը` չեղարկելով պետական պայմանագրերն ու աշխատանքից ազատելով տասնյակ հազարավոր դաշնային աշխատակիցների:

«Ցանկացած դաշնային բյուրոկրատ, ով կդիմադրի այս փոփոխությանը, անմիջապես կհեռացվի պաշտոնից, քանի որ մենք ցամաքեցնում ենք ճահիճը»,- այս կապակցությամբ հայտարարեց Թրամփը:

Այդ «ճահճին» անդրադարձավ նաև Սլոտկինը` դեմոկրատների պատասխան ելույթում. «Դուք ուզում եք կրճատել թափոնները, ես կօգնեմ ձեզ այդ անել: Սակայն փոփոխությունը պետք չէ քաոսային լինի»:

Կոնգրեսի դահլիճում առաջին տիկին Մելանյա Թրամփի կողքին` հյուրերի շարքում նստած էին մարդիկ, որոնց ներկայությունը ևս մեկ անգամ ի ցույց էր դնում տարբեր ոլորտներում Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունը։ Խոսքն, օրինակ, կանանց մարզաձևերում տրանսգենդեր մարզիկների դեմ հանդես եկող ակտիվիստի, կամ մի կնոջ մասին է, որի ընտանիքի անդամները սպանվել էին ապօրինի ներգաղթյալի կողմից:

Թրամփը կրկնեց Պանամայի ջրանցքը հետ վերցնելու և Գրենլանդիային տիրանալու մասին իր կոչերը` չհիշատակելով, սակայն, Գազայի վերաբերյալ իր հայտնի առաջարկությունը։

ԱՄՆ նախագահը խոսեց մեկ ժամ քառասուն րոպե՝ ամենաերկար նախագահական ելույթը Կոնգրեսում:

Կոնգրեսին ուղղված Թրամփի եզրափակիչ խոսքերն էին` «Ամերիկայի ոսկե դարը դեռ նոր է սկսվել»:

XS
SM
MD
LG