Մատչելի հղումներ

 
Ի՞նչ են ասում փորձագետները օգտակար հանածոների շուրջ ամերիկա-ուկրաինական համաձայնագրի մասին

Ի՞նչ են ասում փորձագետները օգտակար հանածոների շուրջ ամերիկա-ուկրաինական համաձայնագրի մասին


ԱՄՆ և Ուկրաինայի դրոշներ
ԱՄՆ և Ուկրաինայի դրոշներ

ԱՄՆ և Ուկրաինայի միջև բանակցությունների սեղանին է օգտակար հանածոների մասին համաձայնագիրը, որը կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման համար։

Այս չորեքշաբթի Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին:

Ըստ համաձայնագրի՝ Վաշինգտոնն ու Կիևը հանդես են գալու որպես Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հիմնադրամի համատեղ սեփականատերեր և կառավարիչներ, ու այդ հիմնադրամ է ուղղվելու ուկրաինական «բնական պաշարների արդյունահանումից ստացվող ապագա եկամուտների 50%ը»:

Միացյալ Նահանգների պարտավորությունն է լինելու՝երկարաժամկետ ֆինանսական աջակցություն ցուցաբերել կայուն և տնտեսապես բարգավաճող Ուկրաինայի զարգացմանը։

Ի՞նչ են ասում փորձագետները հանածոների շուրջ ամերիկա-ուկրաինական համաձայնագրի մասին
please wait

No media source currently available

0:00 0:06:55 0:00

Այդուհանդերձ, համաձայնագրի տեքստում ուղղակիորեն նշված չեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը կասեցնելու ջանքերի կամ երկրի անվտանգությունն ապահովելու ապագա միջոցառումների մասին։ Կա միայն մեկ տող. «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Ուկրաինայի ջանքերին՝ ձեռք բերել անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղություն հաստատելու համար»:

Թեև գործարքը նպատակ ունի արդյունահանել Ուկրաինայի բնական ռեսուրսները և արագացնել երկրի տնտեսական վերականգնումը, փորձագետները նկատում են՝ այն ամբողջությամբ չի լուծում անվտանգության ներկայիս մարտահրավերները, որոնց բախվում է Կիևը շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում:


Ի՞նչ հեռանկար է բացվում ամերիկյան բիզնեսի համար

Ուկրաինայում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Էնդի Հանդերը չորեքշաբթի «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է, որ համաձայնագիրը «ուղղված է նոր ամերիկա-ուկրաինական հիմնադրամի ստեղծմանը, որը գործելու է Ուկրաինայի պետական ձեռնարկությունների և հարուստ բնական ռեսուրսների, ներառյալ՝ բնական գազի, նավթի ու կարևոր այլ օգտակար հանածոների ուղղությամբ»:

Հանդերը լավատես էր գործարքի՝ սպասվող արդյունքների մասով։

«Ոգևորված ենք։ Հիմնադրամի արհեստավարժ կառավարիչները կկարողանան արագորեն շահութաբեր դարձնել այդ ձեռնարկությունները: Սա ձեռնտու է թե՛ ուկրաինացի, թե՛ ամերիկացի հարկատուներին»,- ասել է նա։

Հանդերի խոսքով՝ «պրոֆեսիոնալ մենեջմենթի ներգրավումը թույլ կտա Ուկրաինայի պետական ձեռնարկություններին, որոնցից շատերը տառապում են անարդյունավետ կառավարումից, արագ դուրս գալ ճգնաժամից»։

«Ուկրաինան ունի աշխարհում երկրորդ ամենամեծ թվով պետական ձեռնարկությունները։ Դրանցից որոշները ուղղակի վատ են կառավարվում պետության կողմից: Եթե մենք ներգրավենք ֆոնդերի պրոֆեսիոնալ կառավարիչներ, մենք կարող ենք արագ դարձնել նրանց շահութաբեր»,- հավելել է նա՝ հիշեցնելով, որ Ուկրաինայի տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագրծումը երկու երկրների միջև քննարկումների առարկա էր։

«Սենատոր Լինդսի Գրեհեմը եկավ [Կիև] 2024 թվականի մարտին ու մայիսին, և մենք անդրադարձանք այս հարցին՝ հասկանալով, որ կան մեծ հնարավորություններ»,- նշել է Ուկրաինայում Ամերիկայի առևտրի պալատի նախագահը։

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը։ Վաշինգտոն, փետրվարի 28, 2025թ․։
ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը։ Վաշինգտոն, փետրվարի 28, 2025թ․։

Էնդի Հանդերը, սակայն, ընդգծեց, թե այդ հնարավորություններն իրացնելու համար պետք է վերջ տալ պատերազմին, և այդ առումով՝ «համաձայնագիրը քայլ է դեպի խաղաղ կարգավորում»։

«Կարծում եմ՝ նախագահ Թրամփի օրոք [ամերիկյան] վարչակազմը կենտրոնացած է ուղիներ գտնելու վրա՝ կանգնեցնել ռուսներին, որպեսզի չսպանեն ուկրաինացիներին: Անհամբեր սպասում ենք 2025 թվականին հրադադարի հաստատմանը, և այժմ ժամանակն է, որ Ուկրաինան օգտվի վերակառուցման հսկայական հնարավորությունից։ Սա կլինի Եվրոպայում որևէ երկրի ամենամասշտաբային վերականգնումը Երկրորդ աշխարհամարտից ի վեր»,- ասել է մեր զրուցակիցը։

Ուկրաինայի երկրաբանության և ընդերքի պետական ծառայության նախկին ղեկավար Ռոման Օպիմախը համաձայն էր, որ փաստաթուղթը կարող է օգուտ բերել երկու կողմերին՝ օգնելով Միացյալ Նահանգներին դիվերսիֆիկացնել հազվագյուտ մետաղների գծով մատակարարումները և նվազեցնել կախվածությունը Չինաստանից, իսկ Ուկրաինայի համար այն հիմք կդառնա հետպատերազմյան տնտեսական աճի համար:

«Մենք կկարողանանք վերակենդանացնել մեր երկրի արդյունաբերական ներուժը և բարձրացնել Ուկրաինայի դերը համաշխարհային տնտեսության մեջ», - նշել է Օպիմախը։

Թեև համաձայնագիրը վկայում է Ուկրաինայի տնտեսական զարգացման նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության մասին, սակայն անվտանգության գծով փորձագետները ուշադրություն են հրավիրում՝ փաստաթուղթը Կիևի անվտանգային խնդիրների լուծում չի նախատեսում:

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանական ռազմավարությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Զագորոդնյուկը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ գործարքն ավելի շատ քաղաքական նշանակություն ունի։

«Միացյալ Նահանգներն այս համաձայնագիրը ներկայացնում է որպես Ուկրաինայի նկատմամբ առկա ռազմավարական հետաքրքրության դրսևորում՝ ազդարարելով, թե աջակցում է նրա կայունության ապահովմանը։ Նման՝ մասշտաբային ներդրումները կարող են դառնալ առանցքային և նպաստել լրացուցիչ ռեսուրսների հոսքին դեպի Ուկրաինայի տնտեսություն»,- նշել է նա։

Այնուամենայնիվ, Զագորոդնյուկը զգուշացրել է, որ տնտեսական կապերը «բավարար չեն» Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինայի ինքնիշխանությունն ապահովելու համար։ Նրա կարծիքով, ապագա հարձակումները կանխելու համար երկիրը պետք է ունենա բավականաչափ ռազմական հզորություն՝ ինքնուրույն, կամ ՆԱՏՕ-ի և եվրոպական դաշնակիցների հետ համագործակցությամբ:

«Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է շահարկել իրավիճակը՝ ասելով Թրամփի վարչակազմին, որ նույնիսկ եթե նրանք՝ [ռուսները] շարունակեն իրենց ագրեսիան՝ ինչ-ինչ պատճառով, ենթադրաբար հաշվի կառնեն ամերիկյան շահերը», - ասել է Զագորոդնյուկը։

Պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցին, թե ինչ է պետք Ուկրաինային՝ ԱՄՆ-ից երկարաժամկետ անվտանգության երաշիքներ ստանալու համար, Զագորոդնյուկն ասել է, թե իդեալական տարբերակը կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելը։

«[Սակայն] եթե ՆԱՏՕ-ին անդամակցելը հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է ստեղծել օգնության փաթեթ, որը թույլ կտա Ուկրաինային պաշտպանվել ագրեսիայից։ Այդ փաթեթը պետք է լինի ծավալուն, և դրա ուժը պետք է ակնհայտ լինի [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռանում է Սպիտակ տնից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Վաշինգտոն, փետրվարի 28, 2025թ․։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռանում է Սպիտակ տնից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Վաշինգտոն, փետրվարի 28, 2025թ․։


Ի՞նչ է իրենից ներկայացնում համաձայնագիրը

«Ամերիկայի ձայնի» աղբյուրները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, ասել են, թե համաձայնագրի մանրամասների շուրջ բանակցությունները շարունակվել են մինչև չորեքշաբթի կեսօր, երբ մեկնարկեց Ուկրաինայի կառավարության նիստը:

Ըստ լրատվամիջոցների՝ Ուկրաինան կարողացել է ավելի լավ պայմաններ ստանալ, քան առկա էին համաձայնագրի նախնական տարբերակում՝ կրճատելով Վաշինգտոնի՝ 500 միլիարդ դոլար կազմող պահանջը Ուկրաինայի բնական ռեսուրսների նկատմամբ:

Այդուհանդերձ, համաձայնագիրը չի պարունակում ԱՄՆ կողմից անվտանգության հստակ երաշխիքներ, թեև Կիևն ի սկզբանե պնդել է, որպեսզի նման ձևակերպումներ տեղ գտնեն փաստաթղթում։

Միացյալ Նահանգները պահպանելու է վերահսկողությունը հիմնադրամի շրջանակներում որոշումների կայացման վրա, որը կգործի ամերիկյան օրենսդրության համապատասխան։ Սեփականության բաշխման մանրամասները կորոշվեն հետագա պայմանագրերով։

Ինչևէ, Վաշինգտոնը գործարքը ներկայացնում է որպես հնարավորություն՝ վերադարձնելու Ուկրաինային հատկացված տասնյակ միլիարդավոր դոլարները։ Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ամերիկա-ուկրաինական տնտեսական գործընկերությունն ունակ է նպաստել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը:

XS
SM
MD
LG