Մատչելի հղումներ

 
Սթարմերի հետ հանդիպմանը Թրամփը խուսափել է պարտավորություն ստանձնել Ուկրաինայում խաղաղապահների առնչությամբ

Սթարմերի հետ հանդիպմանը Թրամփը խուսափել է պարտավորություն ստանձնել Ուկրաինայում խաղաղապահների առնչությամբ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Սպիտակ տուն, Վաշինգտոն, փետրվարի 27, 2025թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Սպիտակ տուն, Վաշինգտոն, փետրվարի 27, 2025թ․։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Սպիտակ տանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։

Օրակարգում ուկրաինական հակամարտությանը, երկկողմ առևտրային կապերին, Եվրոպային նկատմամբ ամերիկյան հնարավոր նոր մաքսատուրքերին, անվտանգության ապահովման ուղղությամբ եվրոպական երկրների աճող պարտավորություններին վերաբերող հարցերն էին։

Սթարմերին ընդունելուց առաջ հայտնի դարձավ, որ Թրամփը հակված չէ ամերիկյան երաշխիքներ տրամադրել եվրոպական երկրների խաղաղապահ ուժերին, որոնք կարող են տեղակայվել Ուկրաինայում զինադադարից հետո։ Գաղտնիք չէ, որ հարցը բրիտանացի վարչապետի վաշինգտոնյան այցի գլխավոր նպատականերից էր։

«Հուսով եմ, անհանգստանում ենք խաղաղության պահպանման համար: Պետք է առաջինը լինենք։ Խաղաղապահությունը դյուրին բան է։ Դժվարը գործարքը կնքելն է»,- չորեքշաբթի Սպիտակ տանը լրագրողներին ասել էր Դոնալդ Թրամփը:

Թրամփը խուսափել է պարտավորություն ստանձնել Ուկրաինայում խաղաղապահների առնչությամբ
please wait

No media source currently available

0:00 0:06:42 0:00

Տարաձայնություններ կան նաև Եվրոպայի ներսում։ Մայրցամաքի որոշ երկրներ դեմ են Ուկրաինա զորքեր ուղարկելուն։

Մեծ Բրիտանիան աջակցում է Ֆրանսիային՝ խաղաղապահներ գործուղել Ուկրաինա։ Մինչդեռ այլ երկրներ, ներառյալ Լեհաստանը, բացառում են այդ տարբերակը:

«Համոզված եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական խաղաղություն, ոչ թե հրադադար, և դրա համար անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ», - չորեքշաբթի ասել էր Քիր Սթարմերը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան կաջակցի այդ հարցում, բայց միայն ԱՄՆ երաշխիքներով:

Իր հերթին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել Ուկրաինայում խաղաղապահ զորքերի տեղակայմանը՝ հինգշաբթի հայտարարելով, թե «արևմտյան վերնախավերը» փորձում են խաթարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր հաստատված երկխոսությունը։

Նախորդ շաբաթներին Թրամփը ուղիղ բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ՝ պատերազմն արագ ավարտելու նպատակով, սակայն առանց Ուկրաինայի ու եվրոպական երկրների ներկայացուցիչների, որոնց հասցեին հնչող Սպիտակ տան ղեկավարի քննադատությունը չի մարում։

ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի առաջնորդները Սպիտակ տանը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Փաստորեն, ԱՄՆ նոր նախագահը կտրուկ փոխել է Վաշինգտոնի ուկրաինական քաղաքականությունը։ Նախորդի՝ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն էր՝ «աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», և «ոչինչ չենք ձեռնարկի Ուկրաինայի ուղղությամբ՝ առանց Ուկրաինայի»:

Անդրադառնալով Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցում Թրամփի դիրքորոշմանը՝ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հինգշաբթի նշել է, թե Վաշինգտոնում կան որոշակի մտահոգություններ զորքերի տեղակայման վերաբերյալ, և այդ մտահոգությունները սակավ կլինեն, եթե հակամարտությանը վերջ տրվի «հրադադարի աշխատող համակարգով», ինչպես ցանկանում է ԱՄՆ-ն։

Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի տեսակին, ապա այն կախված կլինի պատերազմին վերջ տված քաղաքական կարգավորման բնույթից՝ ասել է ամերիկացի պաշտոնյան և հավելել, թե նաև այս հարցի շուրջ են կենտրոնացել Թրամփն ու Սթարմերը:

Մեծ Բրիտանիայի կարևոր նպատակն է՝ վերահաստատել եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայում խաղաղության շուրջ ցանկացած քննարկմանը՝ ասում է Գերմանական Մարշալի հիմնադրամի ներկայացուցիչ Գեսինե Վեբերը։

«Բավականին տարօրինակ կլինի ունենալ մի իրավիճակ, երբ բեռը անցնի եվրոպացիներին, բայց ոչ ռազմավարական պատասխանատվությունը»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Վեբերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Սպիտակ տուն, Վաշինգտոն, փետրվարի 27, 2025թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Սպիտակ տուն, Վաշինգտոն, փետրվարի 27, 2025թ․։


Պաշտպանության ամրապնդում

Հայտնի է նախագահ Թրամփի ցանկությունը՝ ՆԱՏՕ-ի անդամները պետք է մեծացնեն պաշտպանական ծախսերը՝ այն հասցնելով երկրների համախառն ներքին արդյունքի 5%-ին, և Եվրոպան պետք է «ակտիվանա» ու ամերիկացի հարկատուները «չպետք է փակեն հաշիվը ... և վճարեն ավելի, քան վճարում են եվրոպացիները»:

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի, համաձայն՝ 2023 թվականին իր պաշտպանության ուղղությամբ ԱՄՆ-ն ծախսել է ՀՆԱ-ի 3,4%-ի չափով։

Վաշինգտոնյան այցից առաջ՝ այս երեքշաբթի Սթարմերը հայտարարեց Միացյալ Թագավորության պաշտպանական բյուջեի անսպասելի աճի մասին՝ 2027 թվականին այն պետք է հասնի երկրի ՀՆԱ-ի 2,5%-ի չափին, իսկ հաջորդ տարի՝ 2,6%-ի: Այդ աճը ֆինանսավորվելու է նաև Մեծ Բրիտանիայի արտաքին օգնության բյուջեի կրճատմամբ․ այն կկազմի երկրի ՀՆԱ-ի ընդամենը 0,3%-ը:

Քիր Սթարմերը նպատակ ունի հետագայում ավելացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 3%-ին։

Բրիտանացի գործիչը խոստովանել է, որ պաշտպանության ծախսերն ավելացնելու որոշման կատարումը «արագացվել է»՝ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև սկսված բանակցությունների, Եվրպայի անվտանգության ապահովման գործում ԱՄՆ դերակատարության նվազեցման պատճառով:

Դիտորդների խոսքով՝ Լոնդոնի համար հատկապես բարդ է, քանի որ այնտեղ ձգտում են հավասարակշիռ քաղաքականություն վարել եվրոպական դաշնակիցների ու ԱՄՆ միջև:

«Ամենակարևոր հարց է, թե արդյոք այդ գործիչները ընդհանուր լեզու գտնում են։ Ընդհանուր տեսլական ունե՞ն»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Բրուքինգսի ինստիտուտի ներկայացուցիչ Մայքլ Օ'Հենլոնը՝ հավելելով, թե այդ պարագայում կարող է ի հայտ գալ արևմտյան մի նոր ռազմավարություն՝ ողղված ուկրաինական պատերազմի դադարեցմանը։

«Եթե կա նման բան, ուրեմն վատ վիճակում չենք՝ նպաստելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին»,- նշել է Օ'Հենլոնը:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարեց, թե Ուկրաինան պետք է «մոռանա» ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը, և զուսպ սպասումներ ունենա Վաշինգտոնից։

«Չեմ պատրաստվում անվտանգության լայն երաշխիքներ տալ։ Պատրաստվում ենք այնպես անել, որ Եվրոպան այդ անի, քանի որ խոսում ենք այն մասին, որ Եվրոպան նրանց հարևանն է»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Մոսկվայի հետ բանակցությունների ֆոնին՝ Դոնալդ Թրամփը նաև ջանքեր է գործադրել Կիևի հետ համաձայնության գալ ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման հարցում՝ փոխհատուցելու Բայդենի վարչակազմի օրոք Ուկրաինային հատկցված միջոցները։ Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ։


Նոր մաքսատուրքերի վտանգը

Սթարմերի նպատակն էր նաև փոխհամաձայնության հասնել ամերիկա-բրիտանական առևտրի հարցում, քանի որ ներմուծված պողպատի և ալյումի նկատմամբ սահմնված ամերիկյան 25% մաքսատուրքերը հարվածելու են նաև եվրոպացի արտադրողներին։

Սպիտակ տնից չեն բացառում, որ մաքսատուրքերի նման քաղաքականությունը կարող է շարունակվել, քանզի Եվրամիությունը «շատ անարդար» է վարվել Ամերիկայի նկատմամբ։

Ըստ Վեբերի՝ Սթարմերը «նուրբ վիճակում է», որովհետև Մեծ Բրիտանիան Եվրամիության միասնական շուկայի մաս չէ:

«Նրա խնդիրն է խուսափել ԱՄՆ մաքսատուրքերրից, հանգստացնել Վաշինգտոնին և չգնալ առճակատման Եվրամիության հետ», - ասում է Գեսինե Վեբերը:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը չորեքշաբթի վստահություն է հայտնել, որ ամերիկա-բրիտանական առևտուրն ու փոխադարձ ներդրումները չեն տուժի նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերի հարցում նոր մոտեցումների պատճառով։

XS
SM
MD
LG