Մատչելի հղումներ

 
Ստամբուլում հանդիպել են ամերիկացի և ռուսաստանցի դիվանագետները

Ստամբուլում հանդիպել են ամերիկացի և ռուսաստանցի դիվանագետները


ԱՄՆ ու Ռուսաստանի դրոշներ
ԱՄՆ ու Ռուսաստանի դրոշներ

Օրակարգում են Վաշինգտոնում և Մոսկվայում Ռուսաստանի ու ԱՄՆ դեսպանատների գործունեության լիարժեք վերսկսման և կապերի վերականգնման հարցերը։

Ամերիկացի ու ռուսաստանցի դիվանագետները հինգշաբթի հանդիպել են Ստամբուլում՝ բանակցելու Մոսկվայում և Վաշինգտոնում երկու երկրների դեսպանատների աշխատանքի լիարժեք վերականգնման շուրջ։

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը, իսկ ռուսական պատվիրակությունը՝ Ռուսաստանի Արտգործնախարարության Հյուսիսամերիկյան դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Դարչիևը։

Թուրքիայում ընթացող բանակցությունները հաջորդում են ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, որը կայացավ փետրվարի 12-ին և որից վեց օր անց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում տեղի ունեցավ բարձր մակարդակի դիվանագիտական հանդիպում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ստամբուլում բանակցությունները կներառեն հարցեր՝ կապված դեսպանատների անձնակազմի ու վիզաների տրամադրման հետ:

«Որպեսզի հստակ լինի՝ օրակարգում քաղաքական կամ անվտանգային հարցեր չկան։ Ուկրաինան օրակարգում չէ։ Այս բանակցությունների կառուցողականությունը շատ արագ ակնհայտ կդառնա՝ կա՛մ հարցերը կլուծվեն, կա՛մ՝ ոչ։ Շուտով կիմանանք, թե արդյոք Ռուսաստանն, իսկապես, պատրաստ է բարեխիղճ համագործակցության»,- հանդիպումից առաջ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ամերիկյան ու ռուսաստանյան պատվիրակությունների հանդիպումը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։ Էր-Ռիադ, Սաուդյան Արաբիա, փետրվարի 18, 2025թ․։
Ամերիկյան ու ռուսաստանյան պատվիրակությունների հանդիպումը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։ Էր-Ռիադ, Սաուդյան Արաբիա, փետրվարի 18, 2025թ․։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հանդիպման արդյունքները «ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող ենք առաջ շարժվել»:

Չնայած սահմանափակ օրակարգին, բանակցությունները, փաստորեն, առաջին քայլերից են, որոնք կարող են լուրջ արդյունքներ ունենալ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համար:

Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մտահոգ են, թե նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արագ մերձեցումը Մոսկվայի հետ կարող է հանգեցնել պատերազմի այնպիսի ավարտին, որի շուրջ համաձայնությունը կշրջանցի Կիևի շահերը և կխաթարի Ուկրաինայի անվտանգությունը:

Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է ընդգծել, որ ցանկանում է վերջ տալ արյունահեղությանը մոտ ապագայում։

Պուտինն այս շաբաթ հայտարարեց, թե Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահությունը պետք է վերականգնվի՝ նախքան որևէ գործարքի կայացումը:

Նախորդ տարիներին երկկողմ հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը զգալիորեն կրճատել են իրենց դիվանագիտական ներկայությունները միմյանց մայրաքաղաքներում:

XS
SM
MD
LG