ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Սպիտակ տանը հյուրընկալելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Մինչ այդ նա հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը։
Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ կժամանի Վաշինգտոն՝ ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման մասին համաձայնագիրը Դոնալդ Թրամփի հետ ստորագրելու համար։ Գաղտնիք չէ, որ Սպիտակ տան ղեկավարը գործարքը դիտարկում է որպես հնարավորություն՝ փոխհատուցելու Վաշինգտոնի հատկացումները, որոնք ուղղվել են Կիևի։:
Չորեքշաբթի Սթարմերը կոչ արեց ԱՄՆ-ին «ապահովագրել» եվրոպական ուժերին, որոնք կարող են տեղաբաշվել Ուկրաինայում՝ խաղաղապահ առաքելությամբ։
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ նման քայլը կարող է կայուն խաղաղություն ապահովել, ոչ թե մարտերի ժամանակավոր դադար:
«Համոզված եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական խաղաղություն, ոչ թե զինադադար, և դրա համար անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Թե ինչ է դա նշանակում և ինչ տեսք կունենա, ակտիվ քննարկման առարկա է»,- ասել է նա լրագրողներին։
Սթարմերն ընդգծել է, որ ԱՄՆ-ից նման «ապահովագրության» ստացումը էական է, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն չունենա կրկին հարձակվել Ուկրաինայի վրա։
«Իմ մտահոգությունն այն է, որ եթե հրադադարը ձեռք բերվի առանց [ԱՄՆ] ապահովագրության, դա պարզապես նրան՝ [Պուտինին] հնարավորություն կտա դադար վերցնել ու կրկին ներխուժել, քանի որ Ուկրաինայի նկատմամբ նրա հավակնություններն ակնհայտ են։ Բոլորի աչքի առջև են», - ասել է բրիտանացի գործիչը։
Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի ներկայացմամբ՝ Մեծ Բրիտանիան մտադիր է ավելացնել պաշտպանական ծախսերը և պատրաստ է եվրոպական այլ երկրների հետ միասին աջակցություն և անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, եթե Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները հաջող անցնեն:
«Չեմ պատրաստվում առաջ ընկնել։ Կարող եմ ասել, որ ամուր եմ կանգնած [մեր] սկզբունքների վրա»,- ասել է Քիր Սթարմերը՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։
Իր հերթին՝ Սթարմերի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Չեմ պատրաստվում անվտանգության երաշխիքներ տրամադրել մեր ուժերից վեր։ Դա պետք է անի Եվրոպան, քանի որ մենք խոսում ենք Եվրոպայի մասին՝ որպես [Ուկրաինայի] ամենամոտ հարևանի»։
Սթարմերը նշել է, որ բրիտանական զորքերը կարող են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, բայց միայն եվրոպական այլ երկրների ռազմուժի հետ, և եթե «հարմար պայմաններ լինեն»:
Մակրոնի նման՝ Քիր Սթարմերն էլ է այն կարծիքին, որ Ռուսաստանի հետ խաղաղության հապճեպ համաձայնագիրը՝ առանց Ուկրաինայի կամ եվրոպական երկրների մասնակցության, կարող է Եվրոպայում հետագա անկայունության հիմք ստեղծել, ինչը ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին։
Ուկրաինա զորքեր տեղակայելու հացում եվրոպական երկրների միջև տարաձայնություններ կան։ Որոշ պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան, պատրաստ են այդ անել, մյուսները, օրինակ՝ Լեհաստանը, բացառում են նման տարբերակը:
Մոսկվան չորեքշաբթի կրկնել է՝ դեմ է Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը։
Ինչևէ, Սթարմերի այցը տեղի է ունենում Մակրոնի՝ Վաշինգտոն կատարած այցից օրեր անց, որի ժամանակ Թրամփի հետ նաև քննարկվեց Ուկրաինայում եվրոպական խաղաղապահների տեղակայման հարցը: Մակրոնը ԱՄՆ-ից աջակցող որևէ հստակ արձագանք չստացավ։
Քիր Սթարմերը բազմիցս է ասել, որ պատերազմը սկսել է Պուտինը՝ 2022 թվականին լայնածավալ ներխուժում իրականացնելով Ուկրաինա, Զելենսկին ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, և որ Ուկրաինան պետք է մասնակցի խաղաղության հաստատման բանակցություններին՝ ընդգծելով, թե «կա մեկ ագրեսոր, և դա Ռուսաստանն է»։
Մեկնաբանելով խնդրի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները՝ նա նշել է, որ «իհարկե, նախագահը [Թրամփը] շատ հստակ է արտահայտել իր ցանկությունը, նա ճիշտ է այդ հարցում, և մենք բոլորս խաղաղություն ենք ուզում»:
«Հարցն այն է, թե ինչպես ենք ապահովում կայուն խաղաղություն, և այս հարցում մենք լիովին համաձայն ենք»,- ընդգծել է Սթարմերը։