Նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը հյուրընկալել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Օրակարգում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի կնքումն է, որը ներառում է ԱՄՆ-ի համագործակցությունը Ուկրաինայի հանքարդյունաբերության ոլորտում:
Ժամը 11-ի սահմաններում Թրամփը Սպիտակ տանը ողջունել է Զելենսկիին։ Ժամը տասներկուսի սկզբին երկու նախագահները սկսեցին բանակցությունները։ Այնուհետև նախատեսված է աշխատանքային ճաշ:
Կեսօրից հետո տեղի կունենա համատեղ մամլո ասուլիս։
Նախագահ Թրամփը հանձնառու է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռամյա պատերազմին արագ դադարեցմանն ու Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Համաձայնագիրը, որը համաձայնեցվել է վերջին օրերին, ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս օգտվել Ուկրաինայի հանքային պաշարներից:
Համաձայնագրի վրա աշխատանքի հենց սկզբից ԱՄՆ-ն ընդգծել է, որ ամերիկյան մասնակցությունը նախագծին կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքը։
Ակնկալվում է, որ Ուկրաինան «բոլոր եկամուտների 50%-ը, որը ստացվում է ուկրաինական պետական բոլոր համապատասխան բնական ռեսուրսների ապագա շահագործումից» կհատկացնի ԱՄՆ-ին և Ուկրաինայի կողմից համատեղ կառավարվող վերակառուցման հիմնադրամին:
Թրամփը երկու շաբաթ առաջ փոխեց ԱՄՆ քաղաքականությունը Ուկրաինայի հարցում՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և թույլ տալով բանակցություններ վարել եռամյա պատերազմին վերջ տալու համար։
Նախագահը նախկինում քննադատել է Ուկրաինայի առաջնորդին, սակայն վերջին օրերին նրա տոնայնությունը փոխվել է:
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան», - հինգշաբթի ասել է Թրամփը Զելենսկու մասին: «Շատ լավ կհարաբերվենք»։
Սպիտակ տանը կայացած ճեպազրույցներից մեկում նախագահը նշել է, որ անհամբերությամբ է սպասում Զելենսկու հետ հանդիպմանը և բարձր է գնահատել ուկրաինացի զինվորականների խիզախությունը։
«Մենք ջանասիրաբար աշխատում ենք այս պատերազմը դադարեցնելու համար։ Կարծում եմ, որ մենք շատ առաջընթաց ենք գրանցել, և ամեն ինչ բավականին արագ է ընթանում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով նախօրեին այցելել էր Վաշինգտոն, ասել է, որ ինքը և Թրամփը քննարկել են խաղաղության հասնելու ծրագիրը, որը կլինի «կոշտ և արդար և կաջակցի, որպեսզի թույլ չտա Պուտինին վերադառնալ պատերազմի օրակարգին։
Սթարմերը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան զինվորական անձնակազմ կհատկացնի որպես խաղաղապահներ, «որովհետև դա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք պահպանել խաղաղությունը»:
Նախագահ Թրամփը հինգշաբթի օրը Սթարմերին ասաց, որ ինքը «բաց է շատ քննարկումների համար»՝ անվտանգության երաշխիքների առումով, բայց որ կցանկանար նախ Ռուսաստան-Ուկրաինա գործարքը կատարել:
Թրամփը հայտարարել է, որ «մեծ առաջընթաց» է գրանցվել համաձայնագրի ուղղությամբ։
«Կամ դա տեղի կունենա շատ շուտով, կամ ընդհանրապես չի լինի», - ավելացրեց նա՝ առանց մանրամասներ փոխանցելու:
«Ուկրաինացիները շատ կրեատիվ են եղել՝ օգտագործելով դա (հանքային համաձայնագիրը) որպես ԱՄՆ-ի հետ համագործակցելու հնարավորություն»,- ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ: