Մատչելի հղումներ

 
Բայդենի օրոք Կալիֆոռնիայում հիմնվեցին երկու նոր ազգային արգելոցներ

Բայդենի օրոք Կալիֆոռնիայում հիմնվեցին երկու նոր ազգային արգելոցներ


Նախկին նախագահ Ջո Բայդեն
Նախկին նախագահ Ջո Բայդեն

Նախկին նախագահ Ջո Բայդենի վերջին հրամանագրերով ԱՄՆ ազգային հուշարձան-արգելոցների ցանկը համալրվեց երկուսով։ Այդ քայլը հեռացող նախագահի փորձն էր՝ պաշտպանել նշված տարածքները, որպեսզի գալիք՝ Թրամփի վարչակազմը չկարողանա այդ հողերը վերածել հանքավայրերի։

Բնապահպաններ Քրիսթիան Լահաժը և Սենդի Բերոուզը ներկայացնում են Փեյնթիդ Քանյոնը Մեքքա Հիլզում, որը Կալիֆոռնիայի Քոաչելա հովտի երկրաբանական հրաշալիքներից է համարվում։ Այժմ այն նորաստեղծ «Չուքուալա» ազգային հուշարձան-ագելոցի մասն է։

Մոհավի անապատի պահպանման հիմնադրամի ներկայացուցիչ Լահաժը նշում է, որ ազգային հուշարձանի կարգավիճակի շնորհումը հնարավորություն կտա պաշտպանել վտանգված անապատային կրիաներին և այլ տեսակներին։

«2024 թվականին Կալիֆոռնիա նահանգը Մոհավի անապատային կրիան պաշտոնապես ներառվել է անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների ցանկում։ Նախկինում այն համարվում էր սպառնալիքի տակ գտնվող, իսկ 1970 թվականից ի վեր նահանգի որոշ հատվածներում այս կենդանիների թվաքանակը կրճատվել է 90%-ով։ Այս տարածքի երկու երրորդը համարվում է կրիաների համար կենսամիջավայր, ուստի դրա պաշտպանությունն, իսկապես, կարևոր է»։

Նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կալիֆորնիայում գտնվող «Չաքուալա» և «Սաթիթլա Հայլենդ» հուշարձան-ագելոցների ստեղծման մասին փաստաթուղթը՝ ի պատիվ տեղի բնիկ ամերիկացի ցեղերի՝ միաժամանակ պաշտպանելով այդ տարածքները նավթի ու բնական գազի արդյունահանման վայր դառնալուց։ Բայդենն ընդգծել է, որ «Չաքուալա» ազգային հուշարձանը «պաշտպանության տակ կառնի ավելի քան 2,500 քառակուսի կիլոմետր կենսամիջավայր և նախնիների սրբազան հողեր»։

«Մոաբից Մոհավի ձգվող պահպանվող միջանցքն ավելի մեծ է, քան Արևմտյան Վիրջինիա նահանգը։ Այս քայլը ուղղված է նաև լեռնաշղթաների, անապատների ու խորը հովիտների, ավազալանջերի ու հիասքանչ լեռնագագաթների պաշտպանությանը և պահպանմանը։ Անապատային լանդշաֆտի խորքերում թաքնված են մեր գողտրիկ աղբյուրները և ավելի քան 50 հազվագյուտ բույսեր ու կենդանիներ՝ արմավենիներ, կակտուսներ, նարդոսի ծաղիկներ, մողեսներ, լեռնային առյուծներ, չղջիկներ, հաստակոտոշ խոյեր, բուեր, անապատային փոքր կրիաներ։ Աներևակայելի է այն ամենը, ինչ կա այնտեղ»,- ասել էր նախկին նախագահ Բայդենը։

Բնապահպան Սենդի Բերոուզը նշում է, որ «հուշարձանի» կարգավիճակը կօգնի խուսափել կենսավայրերի մասնատումից։

«Մենք կարող ենք մեքենայով կամ օդանավով գնալ մի վայրից մյուսը, բայց վայրի կենդանիները, ցավոք, չունեն այդ հնարավորությունը»։

«Չաքուալա» հուշարձանը, որը անվանվել է տեղաբնակ մողեսի անունով, ներառում է բնիկ ամերիկացի ցեղերի համար մշակութային նշանակություն ունեցող տարածքներ։

Տոռես Մարտինես անապատի քաուիյա հնդկացիները բնակվում էին այդ տարածքի կիրճերում և լեռներում՝ նշում է ցեղապետ Ջոզեֆ Միրելեզը։

«Սրանք մեր նախնիների հողերն են, մեր սրբազան հողը։ Մենք այնտեղ թաղումներ ենք ունեցել, միջոցառումներ ենք անցկացրել, հավաքներ կազմակերպել»։

Պաշտպանության նախատեսող կարգավիճակը դրական ազդեցություն կունենա ողջ տարածքի վրա՝ նշում է Ուեյմոն Ֆերմոնը Ինդիո քաղաքից, որտեղ անցկացվում է երաժշտության և արվեստի ամենամյա՝ «Քոաչելա» փառատոնը։

«Քանի որ Ինդիոն և Քոաչելա հովիտը զբոսաշրջային վայրեր են, «Չաքուալա» ազգային հուշարձանը կօգնի այդ գործընթացին և այդպիսով նաև տեղական տնտեսությանը։ Կբացվեն նոր աշխատատեղեր, կխթանվի տարածաշրջանի տնտեսական զարգացումը»։

Նոր հուշարձաններին պահպանության կարգավիճակի շնորհումը դարձավ Բայդենի վարչակազմի բնապահպանական քաղաքականության վերջնակետը։ Այս ոլորտում ուղենիշ է ծառայել «Ամերիկան գեղեցիկ է» նախաձեռնությունը, որն ուղղված է մինչև 2030 թվականը ԱՄՆ հողերի և ջրային տարածքների առնվազն 30%-ի էկոլոգիական անվտանգության ապահովմանը։ Անշուշտ, դեր էր ունեցել նաև Բայդենի վարչակազմի կողմից ընդունված՝ ԱՄՆ ափամերձ ջրերում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում, նավթային և գազային արդյունահանման նոր աշխատանքների իրականացման արգելքի մասին որոշումը։

XS
SM
MD
LG