Ամերիկյան իշխանությունները սկսել են արտաքսել քրեական անցյալ ունեցող հարյուրավոր միգրանտների, ովքեր անօրինական կերպով գտնվում են ԱՄՆ-ում:
Քրեական պատմությունից զերծ ապօրինի միգրանտների արտաքսումը ևս օրակարգում է, ասել է սահմանային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նշանակած պաշտոնյան՝ «սահմանային ցար» Թոմ Հոմանը:
«Այժմ հակազդում ենք հանրային անվտանգությանը և ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնողներին։ Պատրաստվում ենք այդ անել ըստ առաջնահերթության, ինչպես խոստացել է նախագահ Թրամփը։ Ողջ երկրում ավելի շատ ձերբակալություններ կլինեն»,- ասել է նա։
Նախորդ շաբաթ չեղարկվեցին այն սահմանափակումները, որոնցով արգելվում էր ներգաղթյալների ձերբակալել եկեղեցիներում, դպրոցներում և հիվանդանոցներում։
«ԱՄՆ ներգաղթի ծառայության և մաքսային աշխատակիցները պետք է որոշեն, թե արդյոք ազգային անվտանգության վտանգ կա կամ հանրային անվտանգության սպառնալիք այդ հաստատություններից մեկում, ապա նոր կալանավորում իրականացնեն»,- ասել է Հոմանը։
Ներգաղթի հարցերով Թրամփի վարչակազմի քաղաքականությունը քննադատել է դեմոկրատ սենատոր Էլիսա Սլոտկինը։
«Կարծում եմ՝ այն ավելի շատ ազդանշան է, որպեսզի մարդիկ չգան սահման՝ փորձելով ներս մտնել»,- նշել է նա։
Նախագահ Դոնալդ Թրամփը նաև կարգադրել է ԱՄՆ զինված ուժերին աջակցել երկրի սահմանների անվտանգության ապահովմանը։ Օրինակ, արդեն իսկ կիրառվում են ամերիկյան օդուժի մարդատար ինքնաթիռները արտաքսումների համար։
Սենատոր Սլոտկինը, սակայն, ընդգծել է, որ զինվորականների դերակատարությունը չպետք է դուրս գա Սահմանադրության շրջանակներից։
«Մեր Սահմանադրության համաձայն՝ զինուժը կարող է օժանդակ դեր ունենալ, օրինակ՝ նյութատեխնիկական ապահովման և հարմարությունների ստեղծման առումներով։
Էապես տարբեր բան է, երբ այն անցնում է իրավապահների սահմանագիծը»,- ասել է նա։
Անցյալ շաբաթ Մեքսիկայի հետ սահմանին տեղակայվել են մոտ 1,500 զինվորականներ, և առաջիկա օրերին նրանց թիվը կարող է ավելանալ։
Հոմանը կիրակի հայտարարել է, որ զորքերի ներկայությունը «ուժեղ ազդանշան է աշխարհին, որ մեր սահմանը փակ է»: