Ալտադենայի բնակչուհի Դանիել Ուիլյամսն ասում է, որ «Իթոն» հրդեհի պատճառով կորցրել է ամեն ինչ, և այժմ իրենն են միայն իր հագին եղած հագուստն ու կատուները:
Տունն ամբողջովին հրկիզվել է։
«Ամբողջ բակը հրդեհվել է։ Նրանք դեռ շատ հրդեհներ են մարում այնտեղ: Ցավոք սրտի, թաղամասում թալան է սկսվել, ինչը ևս մեկ խնդիր է»,- ասել է նա:
Այդ շրջանում բոլորը կորցրել են իրենց տունը:
19-ամյա Հենք Դոնովանն պատմում է, որ իր հարևանությամբ գտնվող տների ողջ շարքը կրակի բաժին է դարձել. «Այնտեղ ապրել եմ յոթ տարեկանից։ Յոթ ընկերներ ենք, բոլորս նույն տարիքի: Միմյանց ընտանիք ենք համարում: Ավագ դպրոցը մեզ չի բաժանել, քոլեջը մեզ չի բաժանել, թվում է՝ կրակը միակ բանն է, որը կարող է բաժանել մեզ»։
Հրշեջներն օգնել են Ջոշ Էրդմանին և Արմեն Սարքին հրդեհված տնից գտնել ամուսնական մատանին:
«Նրանք կտրեցին, հանեցին պատը և օգնեցին մեզ բացել տարածքը, որպեսզի կարողանանք գտնել մատանիները: Մոխրի ու փլատակների մեջ մոտ 30 կամ 40 րոպե փնտրում էինք»,- նշում է Ալտադենայի բնակիչ Արմեն Սարքը։
Տուժածներին աշխատում են օգնել բոլորը՝ պետական կառույցները, մասնավոր ընկերությունները և ոչ առևտրային կազմակերպությունները:
Բայց օգնության կարիք ունեն նաև տնային կենդանիները։ Pasadena Humane անվամբ կենդանիների ապաստարանը օգնություն է ցուցաբերել ավելի քան 350 ընտանի կենդանիների, որոնց տերերը չեն կարողացել նրանց տարհանման կենտրոններ տանել՝ ասում է կազմակերպության ներկայացուցիչ Քևին ՄըքՄանուսը. «Բերեք ձեր ընտանի կենդանիներին մեզ մոտ, մենք նրանց մասին կհոգանք այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Դուք կարող եք հոգ տանել ձեր մասին: Դուք չպետք է անհանգստանաք ձեր ընտանի կենդանիների համար այս անհավանական դժվարին ժամանակաշրջանում»:
Լոս Ֆելիզի բնակիչ Ռիչի Ռամոսը կենդանիների խնամքի պարագաներ է նվիրել. «Հաճելի է տեսնել, որ բոլորն այդքան բարի են, ցանկանում են նվիրաբերել և առատաձեռն լինել, և, իհարկե, աջակցել միմյանց, քանի դեռ կարող ենք»:
Ինչևէ, Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակների ապաստարաններն ու հրշեջ կայանները այլևս ծանրաբեռնված են աջակցությամբ, ուստի իշխանությունները մարդկանց խնդրում են դադարեցնել սննդամթերք և շարքից արագ դուրս եկող իրեր նվիրել և փոխարենը կատարել դրամական նվիրատվություն: