Մատչելի հղումներ

Լոս Անջելեսի շրջանում հրդեհների դեմ պայքարը շարունակվում է


Հրդեհներ Կալիֆորնիայում
Հրդեհներ Կալիֆորնիայում

Լոս Անջելեսի շրջանում ավերիչ հրդեհները շարունակվում են մոտ մեկ շաբաթ՝ խլելով առնվազն 24 մարդու կյանք: Պաշտոնյաների խոսքով՝ 7 հազար շենք-շինություններ բռնկվել են միայն «Իթոն» հրդեհից։ Կրակի բաժին է դարձել նաև հրշեջներից մեկի տունը:

Իսահակ Բաեյզան և նրա ընտանիքի առջև իրենց տան ավերակներն են։ Տունն ամբողջությամբ այրվել է Ալտադենա շրջանում հրդեհի ժամանակ: Ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող հրշեջն ասում է, թե նման հրդեհն իր համար աննախադեպ էր:

«Երբեք չեմ տեսել նման բան՝ քամիներ և չոր եղանակ»,- ասում է նա:

Բայեզայի կինը՝ Ռոզարին, հիշում է, թե երեքշաբթի երեկոյան ինչպես ստացան տարհանման ծանուցումը, թեև կրակը դեռ հեռու էր և նման ծավալների չէր: Նրանք վերցրեցին ընդամենը մի քանի իր՝ չակնկալելով, որ իրենց տանը ընդմիշտ են հրաժեշտ տալիս։

Լոս Անջելեսի շրջանում հրդեհների դեմ պայքարը շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Առավոտյան Բայեզան և նրա ընկերը վերադարձել են՝ փորձելով փրկել տունը, բայց ջուր չի եղել։

«Կարող էինք տունը փրկել, բայց ջուր չկար։ Կրակը սկսեց տարածվել։ Մեքենան քշեցի։ Հիշում եմ՝ նայեցի հետևի հայելու մեջ և տեսա, որ տան հետնամասը կրակի մեջ է։ Մտածում էի՝ գուցե, եթե ջուր ունենայի, կկարողանայի հանգցնել այս փոքրիկ հրդեհները և թույլ չտայի, որ տունս այրվեր»,- ասում է հրշեջը։

Ջրի պակասն է եղել պատճառը, որ հրշեջները չեն կարողացել մարել «Իթոն» ու «Փալըսեյդս» լայնածավալ հրդեհները։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, թե նշվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Այժմ Լոս Անջելեսի շրջանում բռնկված հրդեհները մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածքի վրա են։ Ավելի քան 150 հազար մարդ տարհանման հրաման է ստացել։

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավար Քրիստին Քրոուլիի խոսքով՝ սպասվում է, որ «Սանտա Անա» անվամբ զորեղ քամիները, որոնք տարածում են կրակը, կրկին կուժգնանան երկուշաբթի:

«Զգուշացման ամենից բարձր աստիճանը ուժի մեջ է և կգործի մինչև չորեքշաբթի 18:00-ն։ Սպասվում է, որ «Սանտա Անա» քամիները կշարունակվեն մինչև չորեքշաբթի, իսկ ամենաուժեղ քամիները կլինեն երեքշաբթի»,- ասել է նա:

Բայեզայի ընտանիքը մնում է ընկերների տանը և սպասում ապահովագրական ընկերությունների վճարմանը։ Նրանք ստեղծել են GoFundMe կայք՝ տան վերականգնման համար գումար հավաքելու ակնկալիքով: Բայեզաներն ասում են, թե մտադիր են վերակառուցել իրենց տունը:

«Բոլորս պատրաստվում ենք վերադառնալ և վերակառուցել մեր տունը, հետ բերել մեր հարևաններին: Սա մեր համայնքն է: Մեր երեխաներն այստեղ խաղում էին իրար հետ: Իրար հրավիրում էինք ծննդյան տոների։ Շատ մտերիմ էինք»,- ասում է Ռոզարին։

Բազմաթիվ են Լոս Անջելեսի բնակիչները, որոնք համախմբվել են օգնելու տուժածներին, աջակցելու հրշեջներին: Արտակարգ իրավիճակների ապաստարաններն ու հրշեջ կայաններն այնքան են լեցուն սննդով և հագուստով, որ իշխանությունները ստիպված հայտարարել են, որ այլևս միայն դրամական նվիրատվությունների կարիք կա:

XS
SM
MD
LG