Մատչելի հղումներ

Թրամփն այցելել է Կապիտոլիում՝ հարգանքի տուրք մատուցելու նախկին նախագահ Քարթերի հիշատակին


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու ապագա առաջին տիկին Մելանյա Թրամփը հարգանքի տուրք են մատուցում նախկին նախագահ Ջիմի Քարթերի հիշատակին։ Կապիտոլիում, Վաշինգտոն, հունվարի 8, 2025թ․։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու ապագա առաջին տիկին Մելանյա Թրամփը հարգանքի տուրք են մատուցում նախկին նախագահ Ջիմի Քարթերի հիշատակին։ Կապիտոլիում, Վաշինգտոն, հունվարի 8, 2025թ․։

Այցի նպատակը նաև Կոնգրեսի հանրապետականների հետ բանակցություններն են։

Ըստ դիտորդների՝ պաշտոնամուտին ընդառաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է համախմբել կուսակցությանը՝ հանրապետականներին, կյանքի կոչելու իր հայտարարած ռազմավարությունը՝ հարկերի նվազեցում, սահմանների նկատմամբ վերահսկողության խստացում, հանածո էներգակիրների արդյունահանման ընդլայնում:

Բայց նախ՝ Թրամփը հարգանքի տուրք մատուցեց նախկին նախագահ Ջիմի Քարթերի հիշատակին, որի դագաղը տեղադրվել էր ԱՄՆ Կոնգրեսի շենքում։

Սենատում և Ներկայացուցիչների տանը թեև աննշան, սակայն մեծամասնություն կազմող հանրապետականների աջակցությունը կարևոր է ԱՄՆ 47-րդ նախագահի համար՝ հայտարարված օրակարգն առաջ տանելու համար։ Մինչդեռ, հանրապետական օրենսդիրների շարքերում միասնություն չկա՝ արդյո՞ք հարկ է ընդունել մեկ օրինագիծ, ուր ամրագրված կլինեն Թրամփի առաջնահերթությունները, թե՞ կազմեն երկուսը։ Բացի այդ տարաձայնությունների տեղիք է տվել մշակվող օրինագծերի բովանդակությունը։

Օրինակ, Սենատի որոշ հանրապետականներ ցանկանում են բաժանել Թրամփի օրակարգը երկու օրինագծերի միջև՝ նախ սեղանին դնելով սահմանային և էներգետիկ քաղաքականությանը վերաբերող հարցերը, այնուհետև՝ հարկային խնդիրները: Սակայն Ներկայացուցիչների տան հանրապետականները այն կարծիքին են, թե նման մոտեցումը կարող է տապալել երկրորդ՝ հարկային հարցերին վերաբերող օրինագիծը:

«Մենք դիտարկում ենք մեկ կամ երկու օրինագիծ ընդունելու տարբերակը։ Բայց ինչ է լինի, արդյունքի կհասնենք»,- Կապիտոլիում լրագրողներին ասել է Թրամփը։

, 2025թ․։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի իր կեցավայրում։ Մար-ա-Լագո, հունվարի 7, 2025թ․։

Ըստ դիտորդների՝ հանրապետականները գործելու են ճնշման տակ՝ հաշվի առնելով հարկային կրճատումների սպասվող ազդեցությունը երկրի աճող պետական պարտքի վրա, որն արդեն հասել է 36 տրիլիոն դոլարի։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են մարելու պետպարտքը, եթե առաջիկայում սակավ հարկ հավաքեն։

Անցած շաբաթ Թրամփն ստիպված միջամտեց Ներկայացուցիչների տան խոսնակի ընտրությանը, երբ Մայք Ջոնսոնը բավարար ձայներ չհավաքեց վերընտրվելու համար։ Մոտ երկու ժամ տևած բանակցություններից հետո՝ միայն Թրամփի զանգը օգնեց համոզել երկու անզիջում հանրապետականների՝ աջակցել Ջոնսոնին:

«Մեր մեծամասնությունը չափազանց աննշան է։ Նախագահ Թրամփն արժանի է «լավագույն խաղացողի» կոչմանը՝ [Ներկայացուցիչների տան] խոսնակի քվեարկությունը առաջ տանելու համար: Մեզ կրկին պետք կգա նրա ղեկավարությունը՝ օրենսդրությունն ընդունելու համար։ Խոսում եմ ողջախոհության մասին», - լրագրողներին ասել է հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը

Հայտնի է, որ ուրբաթ Թրամփը կսկսի հանդիպումները հանրապետական օրենսդիրների հետ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կեցավայրում:

«Նա պետք է լսի մեր տեսակետները, թե ինչպես կարող ենք հասնել ընդհանուր նպատակի» - ասել է սենատոր Շելլի Մուր Կապիտոն, ով կազմակերպել էչ չորեքշաբթի օրվա հանդիպումը:

Ըստ տեղեկությունների՝ հանրապետականները մտադիր են կիրառել բարդ օրենսդրական հնարք՝ Սենատում դեմոկրատական ընդդիմությանը շրջանցելու համար, քանի որ Թրամփի կուսակիցները չունեն անհրաժեշտ 60 ձայնը, որն անհրաժեշտ է օրենսդրության մեծ մասն ընդունելու համար:

Ինչևէ, Թրամփը կարծիք է հայտնել, թե նախընտրում է իր առաջարկությունները ընդունել տալ մեկ օրինագծով, սակայն կարող է համաձայնել երկուսին։ Երեքշաբթի ԱՄՆ նորընտիր նախագահը Կոնգրեսին կոչ արեց ընդլայնել պարտք վերցնելու ԱՄՆ կառավարության համար նախատեսված սահմանաչափը, որպեսզի գործադիրը կարողանա նոր գումարներ ներգրավել՝ խուսափելու 36 տրիլիոն դոլար կազմող պետպարտքի առնչությամբ դեֆոլտ հայտարարելուց։

«Նա պետք է մեզ ասի, թե ինչ է ուզում և ինչ է իրեն պետք: Դա որոշում է, որը նա պետք է կայացնի»,- ասել է Ներկայացուցիչների տան բյուջետային հանձնաժողովի նախագահ Ջոդի Արինգթոնը:

Ուրբաթ Թրամփը հանդիպելու է Ներկայացուցիչների տան հանրապետականների պահպանողական թևի՝ Ազատության խմբի անդամներին։ Շաբաթ հանդիպելու է հանձնաժողովների նախագահներին, իսկ կիրակի՝ Կոնգրեսի այլ անդամներին:

Կոնգրեսական Ռալֆ Նորմանը, ով Ազատության խմբի անդամ է և այն երկու հանրապետականներից մեկը, որոնց Թրամփը համոզեց աջակցել Ջոնսոնին, ասել է, թե կխնդրի Թրամփին օգտագործել իր ազդեցությունը՝ սատարելու պետական ծախսերի կտրուկ կրճատման նախաձեռնությունը, ինչը պետք է օգնի գումար խնայել՝ պետպարտքը մարելու համար:

XS
SM
MD
LG