Մատչելի հղումներ

Ի՞նչ գաղտնի օգնություն էր ցուցաբերել Քարթերի վարչակազմը աֆղան ապստամբներին


Ջիմի Քարթեր
Ջիմի Քարթեր

Աֆղանստանի պատերազմում Խորհրդային Միության պարտությունը հաճախ վերագրում են ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանին՝ մասամբ աֆղան ապստամբներին աջակցելու շնորհիվ, սակայն դրա հիմքերը դրել է նախագահ Ջիմի Քարթերի վարչակազմը։

Երբ Ջիմի Քարթերը ստանձնեց Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը, շատերը նրան համարում էին արտաքին քաղաքականության մեջ նորեկ։ Նա որոշում կայացրեց գաղտնի օգնություն տրամադրել աֆղան ապստամբներին խորհրդային ներխուժումից դեռ ամիսներ առաջ։ Այդ քայլը թույլ է տալիս լույս սփռել նրա նախագահության առանցքային հարցերից մեկի վրա՝ ցույց տալով, որ ԱՄՆ նախագահը չէր վախենում դիմակայել Խորհրդային Միությանը՝ միաժամանակ վարելով լիցքաթափման քաղաքականություն։

«Կարծում եմ, մարդկանց պատկերացումը Քարթերի մասին՝ որպես խորը կրոնական և բարձր բարոյականության տեր մարդու, հիմնականում ձևավորվել է պաշտոնաթողությունից հետո նրա ծավալած գործունեության շնորհիվ։ [Բայց] նա, անկասկած, ուներ նաև անողոք կողմ և պատրաստ էր ուժ կիրառել, ներառյալ՝ միջուկային զենք»,- ասել է Արիզոնայի համալսարանի պատմության պրոֆեսոր Դեյվիդ Գիբսը։

Քարթերի օրոք սկսված գաղտնի օգնության ծրագիրը, ըստ էության, դարձավ աֆղանական ապստամբական շարժման հիմքը՝ հող նախապատրաստելով 1989 թվականին խորհրդային զորքերի վերջնական դուրսբերման համար։

1979 թվականի դեկտեմբերին խորհրդային ներխուժումից վեց ամիս առաջ Քարթերը դիմեց համարձակ քայլի՝ ստորագրելով գաղտնի նախագահական հրահանգ, որով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) թույլատրվում էր ոչ մահաբեր օգնություն տրամադրել ապստամբներին, որոնք պայքարում էին Խորհրդային Միության աջակցությունը վայելող Աֆղանստանի կոմունիստական կառավարության դեմ։

Այդ հրահանգը գաղտնի մնաց գրեթե երկու տասնամյակ և հայտնի դարձավ միայն 1990-ականներին, երբ Քարթերի վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԿՀՎ նախկին տնօրեն Ռոբերթ Գեյթսը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, բացահայտեցին դրա գոյությունը՝ խոստովանելով, որ Քարթերի վարչակազմը նպատակ ուներ Խորհրդային Միությանը ներքաշել «վիետնամական ոճի» ճահճի մեջ։

Ի՞նչ գաղտնի օգնություն էր ցուցաբերել Քարթերի վարչակազմը աֆղան ապստամբներին
please wait

No media source currently available

0:00 0:11:53 0:00

«Աֆղանական ծուղակ»

Ամենաուշագրավը Բժեզինսկիի բացահայտումներն էին։ 1998 թվականին ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում Քարթերի խորհրդականը՝ ծնունդով Լեհաստանից և մոլի հակակոմունիստ, հերքեց Խորհրդային Միությանը սադրելու մասին պնդումները, սակայն նշեց, որ վարչակազմը «միտումնավոր մեծացրեց» խորհրդային միջամտության «հավանականությունը»։ Ծրագիրն անվանելով «հիանալի գաղափար»՝ նա ասել էր, որ այն նպաստեց «ռուսներին գցել աֆղանական ծուղակը»։

Չնայած Բժեզինսկին հետագայում վիճարկեց հարցազրույցի ճշգրտությունը և երբեք չկրկնեց այդ պնդումը, այսպես կոչված «աֆղանական ծուղակի» թեզը լայն տարածում գտավ։ Քննադատները Քարթերի վարչակազմին մեղադրում էին խորհրդային ներխուժումը հրահրելու, ինչը հանգեցրեց Աֆղանստանում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։

Պրոֆեսոր Գիբսը այն գիտնականներից է, որոնք օգնության ծրագիրը դիտարկում են որպես կանխամտածված սադրանք։ Նա ասել է, թե սկզբում առանձնապես մեծ նշանակություն չի տվել Բժեզինսկիի հարցազրույցին, մինչև որ համոզվել է դրա ճշմարտացիության մեջ։

Ինչպես Գիբսը նշել է «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում, ռազմական խորհրդականներից մեկը պատմաբան Ջոնաթան Հասլամին ասել է, որ Բժեզինսկին, լսելով խորհրդային ներխուժման մասին, «հաղթական սեղմել է բռունցքը և ասել․ «Նրանք կուլ տվեցին խայծը»»։

«Նա նկատի ուներ, որ մոջահեդներին օգնություն տրամադրելու որոշումը խայծ էր։ Ըստ իս՝ դա վկայում է Բժեզինսկիի ասածի ճշմարտացիության մասին, քանի որ նա տարբեր ժամանակներում երկու անգամ անձամբ է դա ասել»։

Ըստ Դուբլինի համալսարանական քոլեջի պատմաբան Քոնոր Թոբինի, որը զբաղվել է այս հարցի ուսումնասիրմամբ, «աֆղանական ծուղակի» թեզն արծարծվել է այլ հայտնի մասնագետների աշխատանքներում, չնայած նրանց մեծ մասն այժմ մերժում է այն՝ համարելով անհիմն։

Թոբինի կարծիքով՝ այդ տեսության հետ կապված խնդիրն այն է, որ Քարթերի վարչակազմի ներգրավվածությունը Աֆղանստանում դիտարկում է 21-րդ դարի տեսանկյունից՝ «որպես սեպտեմբերի 11-ի իրադարձությունների մեկնակետ»։

«Նրանք գրեթե ամբողջությամբ հիմնվում են Գեյթսի հուշագրության, վիճահարույց ֆրանսիական հարցազրույցի և այլ անուղղակի ու կցկտուր ապացույցների վրա՝ առանց թեման մանրամասն ուսումնասիրելու կամ օգտագործելու որևէ այլ աղբյուր՝ արված հայտարարությունները հաստատելու համար»,- ասել է Թոբինը «Ամերիկայի ձայնին» հղված էլեկտրոնային նամակում։

Թոբինի խոսքով՝ Քարթերի դարաշրջանի՝ վերջերս գաղտնազերծված փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը միանգամայն այլ իրողություն է բացահայտում։

«Այն ցույց է տալիս, որ Խորհրդային Միությունը աֆղանական ծուղակի մեջ ներքաշելու որևէ փորձ չի եղել, և ԱՄՆ քաղաքականությունն, իրականում, էական նշանակություն չի ունեցել խորհրդային ռազմական միջամտության համար»։

Ջիմի Քարթեր
Ջիմի Քարթեր

Ոչ մահաբեր աջակցություն

Այդուհանդերձ, քննարկման ենթակա չէ այն փաստը, որ օգնության ծրագիրը սկսվեց՝ ի պատասխան Աֆղանստանում Խորհրդային Միության աճող ազդեցության։ 1978 թվականի ապրիլին տեղի ունեցած կոմունիստական հեղաշրջումը հանգեցրեց նախագահ Մոհամմադ Դաուդի կառավարության տապալմանը։ Նոր ռեժիմը ձեռնամուխ եղավ արմատական վերափոխումների, ինչը հանրության շրջանում բորբոքեց ընդդիմադիր տրամադրությունները և, ի վերջո, հանգեցրեց լայնածավալ ապստամբության։

Թոբինի խոսքով՝ Քարթերի վարչակազմը սկզբում որդեգրել էր «սպասելու և հետևելու» դիրքորոշում։ Այդ քաղաքականությունն ավարտվեց 1979 թվականի փետրվարին Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ադոլֆ Դաբսի առևանգմամբ և սպանությամբ։ Դրանից հետո Բժեզինսկին կարգադրեց Աֆղանստանի համար նոր ծրագիր մշակել։

Ըստ Թոբինի՝ նա օգնականին հանձնարարել է ուսումնասիրել․ «Արդյո՞ք պետք է օգնենք ապստամբնորին։ Ո՞ւմ հետ պետք է աշխատենք»։

Այնուամենայնիվ, Աֆղանստանի արևմտյան Հերաթ քաղաքում տեղի ունեցած ժողովրդական ապստամբությունը «հանգեցրեց Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխության դեպի ավելի ակտիվ քայլերի ուղղությամբ»,- գրել է Թոբինը «Աֆղանական ծուղակի առասպելը» վերլուծության մեջ։

ԿՀՎ գործակալները ձեռնամուխ եղան նախապատրաստական քայլերի՝ մշակելով գործողությունների ծրագիր և դիմելով ԱՄՆ դաշնակիցներ Սաուդյան Արաբիային ու Պակիստանին։ Մշակվեցին մի շարք տարբերակներ՝ սկսած փոքրածավալ քարոզչական արշավներից և ոչ մահաբեր աջակցությունից մինչև զինամթերքի մատակարարումներ ու ռազմական պատրաստության դասընթացներ երրորդ երկրի միջոցով։

Համարելով, որ ռազմական օգնությունը կարող է «հրահրել խորհրդային հուժկու հակաքայլեր», վարչակազմը կանգ առավ ոչ մահաբեր աջակցության վրա։

«Որոշումների կայացման գործընթացը ավելի շուտ վկայում է զգուշավորություն ցուցաբերելու, այլ ոչ թե ներխուժում հրահրելու փորձի մասին»,- գրել է Թոբինը։

1979 թվականի հուլիսի 3-ին Քարթերը ԿՀՎ-ին թույլ տվեց ապստամբներին տրամադրել մինչև 695 հազար ԱՄՆ դոլարի օգնություն։ Թոբինի զեկույցի համաձայն՝ օգոստոսի կեսերին այդ միջոցներից 575 հազարը հատկացվել էր Պակիստանի հետախուզությանը՝ կանխիկ գումար, բժշկական սարքավորումներ և ռադիոհաղորդիչներ ձեռք բերելու համար, իսկ վերջինս դրանք տրամադրել էր մոջահեդներին։

Թոբինի խոսքով՝ թեև օգնության ծրագիրը չափավոր էր, սակայն՝ կարևոր, երկու պատճառով։ Այն օգնեց կապեր հաստատել մոջահեդների հետ Պակիստանի հետախուզության միջոցով, որոնք անգնահատելի դեր ունեցան խորհրդային ներխուժումից հետո։ Այն նաև ի ցույց դրեց Ամերիկայի վճռականությունը՝ Պակիստանին և Սաուդյան Արաբիային ու նրանց վստահություն հաղորդեց այն ժամանակ, երբ տարածաշրջանում խորանում էին ԱՄՆ ազդեցության նվազման վերաբերյալ մտահոգությունները։

Օգնության ծրագիրն իրականացվեց Սառը պատերազմի ժամանակների լարվածության սրման ֆոնին։ 1979 թվականի փետրվարի իրանական հեղափոխությունը ԱՄՆ-ին զրկեց տարածաշրջանում առանցքային ռազմավարական դաշնակցից։ Խորհրդային Միությանը հրահրելու փոխարեն, Բժեզինսկին մտահոգված էր Աֆղանստանում «սողացող միջամտության» հնարավորությամբ՝ մտահոգվելով, որ «Մոսկվան կշարունակի ընդլայնել իր ազդեցությունը, մինչև փաստացի ներխուժում իրականացնելը»,- գրել է Թոբինը։

«1979 թվականի կեսերին նպատակը, ըստ էության, Աֆղանստանում խորհրդային առաջխաղացմանը ամեն գնով հակազդելն էր»,- ասել է Թոբինը։

Ֆրենսիս Մերիոն համալսարանի պատմաբան և Քարթերի արտաքին քաղաքականության մասին գրքի հեղինակ Սքոթ Քաուֆմանը նշել է, որ հանգուցյալ նախագահը նաև պետք է հաշվի առներ հաջորդ տարի իր վերընտրվելու հարցը։

«Նրան արդեն քննադատում էին կոմունիստների պատճառով Նիկարագուան «կորցնելու» և Խորհրդային Միության նկատմամբ «մեղմ» լինելու համար։ Ինչպե՞ս կպահպաներ իր վարկանիշը ընտրողների աչքում, եթե Քարթերը, որը ցանկանում էր համաձայնության հասնել SALT II-ի [Ռազմավարական սպառազինության սահմանափակման վերաբերյալ բանակցությունների] գծով, ձեռնարկեր քայլեր, որոնք նրանց կողմից կընկալվեին որպես խորհրդային նոր ագրեսիան խրախուսող»,- գրել է Քաուֆմանը «Ամերիկայի ձայնին» ուղարկված էլեկտրոնային նամակում։

«Քարթերի դոկտրինը»

Քաուֆմանը չի կիսում Քարթերի՝ որպես արտաքին քաղաքականության նորեկի վերաբերյալ տարածված կարծիքը։ Թեև նա չուներ Ռիչարդ Նիքսոնի կամ նույնիսկ Ջերալդ Ֆորդի փորձառությունը արտաքին քաղաքականության մեջ, Քարթերը Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի ու Ճապոնիայի միջև գործող «Եռակողմ հանձնաժողով» ոչ կառավարական կազմակերպության անդամ էր և Ջորջիայի նահանգապետ եղած տարիներին ուղևորություններ էր կատարել արտերկիր։

«Այդուհանդերձ, մոջահեդներին նրա աջակցությունը խոսում է այնպիսի արտաքին քաղաքականության մասին, որը, առնվազն 1978 թվականից սկսած, արտացոլում էր ԱՄՆ կոշտացող քաղաքականությունը Խորհրդային Միության նկատմամբ»,- ասել է Քաուֆմանը։

Քարթերի կոշտ դիրքորոշումը, ըստ Քաուֆմանի, պայմանավորված էր Կոնգրեսում աճող հակախորհրդային տրամադրություններով, Բժեզինսկիի ազդեցությամբ և խորհրդային բռնաճնշումների ու մեքենայությունների հանդեպ նրա անձնական վերաբերմունքով։

«Դա չի նշանակում, որ նա հրաժարվել էր Խորհրդային Միության հետ հարաբերություններում լիցքաթափման մոտեցումից, ինչի մասին է վկայում SALT II-ի վավերացմանը հասնելու նրա ցանկությունը։ Բայց ԽՍՀՄ-ի նկատմամբ նրա արտաքին քաղաքականությունը ցույց էր տալիս ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու պատրաստակամություն»,- ասել է Քաուֆմանը։

Ոչինչ այդքան ուժեղ չէր ցուցադրում Քարթերի վճռականությունը, որքան «Քարթերի դոկտրինը»՝ նրա համարձակ քաղաքականությունը Պարսից ծոցում, որն ընդունվեց՝ ի պատասխան խորհրդային ներխուժման Աֆղանստան։

1980 թվականին «Պետության դրության մասին» իր ուղերձում, ներկայացնելով նոր քաղաքականությունը, Քարթերը նախազգուշացրեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել «ցանկացած անհրաժեշտ միջոց»՝ Պարսից ծոցի նկատմամբ Խորհրդային Միության վերահսկողությունը կանխելու համար։

Աֆղանստան խորհրդային ներխուժումը նպաստեց, որ Քարթերի վարչակազմը բարձրացնի խաղադրույքները։ 1979 թվականի դեկտեմբերի 28-ին, Քաբուլում խորհրդային հատուկ ջոկատայինների կողմից Աֆղանստանի նախագահ Հաֆիզուլլա Ամինի սպանությունից մեկ օր անց, Քարթերը ստորագրեց նոր հրահանգ, որը թույլ էր տալիս զենքի մատակարարում և ռազմական պատրաստություն մոջահեդների համար։ Զենքի առաջին խմբաքանակը Պակիստան հասավ երկու շաբաթից պակաս ժամանակամիջոցում։

1980 թվականին Քարթերը պարտվեց ընտրություններում հանրապետական Ռոնալդ Ռեյգանին, որի վարչակազմը հիմնականում շարունակեց Քարթերի աֆղանական քաղաքականությունը ևս մի քանի տարի, ապա կտրուկ ընդլայնեց գաղտնի օգնության ծրագիրը՝ ֆինանսավորումը հասցնելով տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի։

Թոբինի խոսքով՝ Ռեյգանի վարչակազմը խորհրդային ռեժիմը պարզապես զսպելու փոխարեն նպատակ ուներ այն ամբողջությամբ պարտության մատնել։

«Քարթերի վարչակազմի հասցեին քննադատությունը՝ պաշտպանության հարցերում թույլ լինելու վերաբերյալ, հետևաբար, անհիմն է, քանի որ Քարթերը հիմք դրեց 1980-ականների գլոբալ զսպման քաղաքականությանը»,- նշել է Թոբինը։

«Այսպիսով, չնայած արտաքին քաղաքականությունը ձախողելու մասին արմատացած գնահատականներին, Քարթերը 1981 թվականի հունվարին թողեց պաշտոնը՝ Ռեյգանի վարչակազմին ժառանգելով հստակ արտաքին քաղաքական ուղղություն, որը, կարելի է ասել, տասը տարի անց նպաստեց Սառը պատերազմի ավարտին։ Նման արդյունք գրեթե անհնար էր պատկերացնել, երբ 1977 թվականի հունվարին Քարթերը ստանձնեց նախագահի պաշտոնը»,- ասել է Թոբինը։

XS
SM
MD
LG